Հատկապես վերջին օրերին՝ գերլարված ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին, առանձնակի կարեւորություն են ստանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարածաշրջանային հիմնական խաղացողների կողմից հնչող հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները, երեկ իր շարունակությունը ստացավ Բաքվում` Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ ադրբեջանցի նրա գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսի ընթացքում: Իհարկե, այս զույգի շուրթերից նման հայտարարությունները նորություն չեն, սակայն ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում նման բարձրաձայնումները նոր զարգացումների միտումներ են նախանշում, որոնցում, սակայն, հստակ չէ Ռուսաստանի դիրքորոշումը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին արդեն իսկ հայտարարել էր, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ միջնորդների անունից պաշտոնական Բաքվին է ներկայացրել միջնորդների առաջարկությունների փաթեթը, որի կարեւոր տարրերն են` Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը, բռնի տեղահանվածների վերադարձն իրենց տները եւ Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների միջեւ շփումների հաստատումը: Մամեդյարովի այս հայտարարությունը հերքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը` ասելով, թե Ադրբեջանի արտգործնախարարն ամեն ինչ «գլխիվայր է շուռ տվել»: Երեկ, սակայն, Մամեդյարովը երկրորդել է իր ասածը` ընդգծելով, որ Ռուսաստանի ԱԳ նախարարն առաջարկներ է ներկայացրել: Ըստ նրա.«Բոլորը համաձայն են, որ ամենամեծ խնդիրը ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակումն է»:
Նկատենք, որ Ս. Լավրովը Բաքու էր այցելել անցած սեպտեմբերի սկզբին, որից հետո սահմանային լարվածությունը շեշտակիորեն մեծացավ: Իսկ արդեն հոկտեմբերին՝ Երեւան կատարած այցելությունից հետո, թե՛ հայկական, թե՛ ռուական մամուլում եղան արտահոսքեր այն մասին, որ Լավրովը Երեւան էր եկել քննարկելու ազատագրված տարածքների մի մասը Ադրբեջանին հանձնելու հարցը: Եվ չնայած հայկական կողմից արված հերքումներին` Ադրբեջանի արտգործնախարարը շարունակում է պնդել, որ Լավրովը հենց այդպիսի օրակարգով է եկել թե՛ Բաքու, թե՛ Երեւան: Որքան էլ Մամեդյարովը դիվանագիտական խաղ տանելիս լինի, այդուամենայնիվ, նկատենք, որ եռանախագահների կողմից նման առաջարկության բացակայության դեպքում արդեն իսկ հայկական կողմի համար պետք է որ դժվար չլիներ այս ընթացքում ներկայացնել Մամեդյարովի պնդումների առավել արժանահավատ հերքում, քան Տիգրան Բալայանի կողմից լրատվամիջոցներից մեկի հարցին տրված պատասխանն էր: Իսկ քանի դեռ տարածքների վերադարձի վերաբերյալ միջնորդների ներկայացրած առաջարկի մասին ադրբեջանական կողմի պնդումները չեն հերքվել հենց իրենց` միջնորդների կողմից, այդ հարցը մնում է բաց: