Գալուստ Սահակյանը շնորհավորել է 5-րդ մոտոհրաձգային բրիգադին` կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Շնորհավորում եմ 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ:

Բրիգադի պատմությունը հայկական զինուժի կազմավորման ու մեր նորօրյա պետականության պատմության անբաժանելի մասն է, որը կերտվել է նվիրումով, միասնությամբ, հաղթանակի ու արդարության անվերապահ գիտակցումով:

5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի այս օրերին, անջնջելի գրառումներ կատարեց պատմության էջերում, սրբագրեց դրանցում առկա անճշտություններն ու ջնջեց կեղծարարությունները՝ փաստելով, որ այն, ինչ մերը` հայկական է, չի կարող լինել ուրիշինը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հողին ու տարածքին: Այն հաղթանակները, որ կռեցին 5-րդ բրիգադի մարտիկները, այն տարածքներն ու բնակավայրերը, որ ազատագրվեցին նրանց արյունով ու քրտինքով, խիզախությամբ ու անձնազոհությամբ, վերականգնեցին պատմական արդարությունը, ամրագրեցին արցախյան ազատագրական պայքարի ճշմարտացիությունը, հայկական զինուժի փառքը:

Արցախյան ազատամարտով վերստին ապացուցեցինք, որ ունակ ենք ոչ միայն բարոյական հաղթանակների, այլեւ հայրենիքի սահմանները վերականգնելու եւ օտարի կողմից բռնազավթած մեր տարածքները ազատագրելու: 5-րդ բրիգադի զինվորները, կամավորները, հրամանատարությունը այս ամենի գործուն մասնակիցներն էին, նրանցից ոմանք, ցավոք, իրենց կյանքի գնով:

Այդ հաղթանակները եւ դրանց արդյունք հանդիսացող ձեռքբերումները մեզ մղում են մշտապես միասնական ու հաստատակամ լինել: Մեր միասնականությունը անհրաժեշտ է սահմանին կանգնած զինվորին, ում վստահել ենք մեր խաղաղությունը, Հայաստանի սահմանների, Արցախ աշխարհի վերադարձված տարածքների պաշտպանությունը, որովհետեւ մեր հայրենիքն ամբողջացնելու խնդիրը մինչեւ վերջ դեռեւս լուծված չէ: Բայց այն անլուծելի չէ, եւ նաեւ այդ գիտակցումով են 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցվում նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին:

Ի դեմս 5-րդ բրիգադի մարտական հրամանատար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի` եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մարտիկներին` բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, լավատեսություն եւ հաղթանակելու շարունակական ձգտում»:




Լրահոս