Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում տեղակայվել է լուսադիոդային համակարգ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավարտել են ընթացիկ տարում համատեղ իրականացվող արդեն 10-րդ նախագիծը: Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում տեղակայվել է 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչներ:

c3377316-8183-4fc5-98f9-c3fd61ad5997

Նախիջևանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ունի մոտ 300 բնակիչ: Այստեղ իրենց գործունությամբ հատկապես աչքի են ընկնում երիտասարդները: Տարբեր խմբերի ջանքերով Գոմքում կառուցվել է խաղահրապարակ, մշակութային տուն, գործում է երեխաների զարգացման կենտրոն, կանանց կոոպերատիվ՝ ներգրավված ջերմոցային, սառնարանային տնտեսություններում, սերմերի և սածիլների արտադրությունում:

ԽՍՀՄ փլուզումից ի վեր համայնքի կարևոր հիմնախնդիրներից մեկն է եղել արտաքին լուսավորության ենթակառուցվածքի բացակայությունը: Գոմքում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ գործարկվել է արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգը, որը կլուսավորի գյուղի գրեթե 60 %-ը՝ 1,300 մ տարածությամբ:

5f2424ec-1e92-45df-a9e2-b6101896a7e6

«Ընթացիկ տարում սա մեր այցելած արդեն տասներորդ համայնքն է: Այս ծրագրի հիմքում կա սոցիալական աջակցության տարրը: Բուն նպատակը, սակայն, ավելի կարևոր է. ձեր աչքերում տեսնել հույս և լավատեսություն՝ վաղվա օրվա հանդեպ: Լուսավորվել է Գոմքի տարածքի կեսից ավելին: Եթե յուրաքանչյուրիդ մեջ դրա կիսով չափ ավելանա լավատեսությունը՝ կարող ենք ծրագիրը հաջողված համարել: Միշտ հիշեք, որ դուք մենակ չեք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

8f3389c4-dae1-493a-866b-1f2150d3a35f

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

e4ed67f5-2e7c-4371-bbee-0f396e13675a

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս