«Ստեղծագործողի համար մեր օրերում դժվար է դիմանալ հայհոյելու, անիծելու գայթակղությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն արդեն մեկ տարուց ավել է` ապրում է Միացյալ Նահանգներում: Նրա խոսքով` ԱՄՆ-ն իր համար աշխարհաճանաչողական եւ ուսումը շարունակելու բարենպաստ տարածք է: Դավիթը, ով «Սոմա» պոետական թատրոնի հիմնադիրներից է, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ցանկություն կա վերսկսելու թատրոնի աշխատանքները:

-Դավի՛թ, ի՞նչը Ձեզ տարավ Միացյալ Նահանգներ: Այս ընթացքում ի՞նչ տվեց Ձեզ այդ երկիրը:

-Արդեն 15 ամիս է` գտնվում եմ Նահանգներում: Այստեղ եմ հանգամանքների բերումով եւ որն ինձ համար ամենակարեւորն է` ժամանակավոր: ԱՄՆ-ն ինձ համար աշխարհաճանաչողական եւ ուսումս շարունակելու բարենպաստ տարածք է… Ամենակարեւորը, որ գրանցվեց իմ եւ կնոջս կյանքում այստեղ, դա մեր առաջնեկի` Ալբերտի ծնունդն էր:

-2007թ. հիմնադրված «Սոմա» պոետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էիք, թատրոնն այժմ շարունակո՞ւմ է իր գործունեությունը:

-Թատրոնը հիմնադրել ենք մտերիմ ընկերոջս` Կարեն Հովհաննիսյանի հետ: Այն ժամանակ մենք մեր առաջ խնդիր դրեցինք հատկապես մարզերում բնակվող դպրոցական պատանիներին եւ աղջիկներին ծանոթացնել դպրոցական ծրագրից դուրս մնացած պոետական գլուխգործոցների հետ: Ինչ-որ տեղերում հաջողություն գրանցեցինք, ինչ-որ տեղերում ընկրկեցինք դժվարությունների առաջ, բայց այսօր արդեն պարզ է, որ այդ օրերին «Սոմա»-ն իր ձեւաչափի մեջ միակն էր: Զարմանալի պատահականությամբ օրերս զրուցեցի Կարեն Հովհաննիսյանի հետ, եւ նա ցանկություն հայտնեց վերսկսել թատրոնի աշխատանքները, ինչն, իհարկե, ինձ համար ավելին է, քան ոգեւորիչ փաստ: Նախ գիտեմ, որ այսօր եւս կա Պոետական թատրոնի պահանջարկը, եւ երկրորդ` վստահ եմ, որ Կարենը ի զորու է ոտքի հանել մեր «Սոմա»-ն… Թատրոնի հետ իմ կապը հոգեւոր է եւ անխզելի, անկախ այն բանից` այդ պահին ֆիզիկապես գործում եմ, թե ոչ:

soma-poeziayi-tatron-278.1

-Մի ժամանակ «Վահագն Դավթյան» երիտասարդական նախաձեռնություն էիք ստեղծել, քննարկում էիք այն հարցը, որ պոետը թանգարան չունի, նրա գործերը ընդգրկված չեն դպրոցական ծրագրերում: Հետաքրքիր է` այս նախաձեռնությունն ի՞նչ ընթացք ունեցավ:

-Պետք է նշեմ որ Վահագն Դավթյանը պոետական մի ոսկե սերնդի ներկայացուցիչ է` առանց որի հնարավոր չէ պատկերացնել Հայ պոեզիայի պատմությունը: ԱյոԲ, կար նախաձեռնություն, շատերը միացան դրան, բայց, ցավոք սրտի, պատկան մարմիններին ուղղված բոլոր դիմումները մնացին անպատասխան: Ես մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. այդ տուն- թանգարանը ոչ թե Դավթյանին, այլ մեզ է պետք: Վստահ եմ` գալու է Վահագն Դավթյանի ժամանակը: Այդ առումով կարեւորում եմ նաեւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ,Հայադարանե հաղորդման դերը:

-Սա հատված է Ձեր` «Մարգարեություն» բանաստեղծությունից. «Բավական է, ահա՛, մոտենում է ժամը,
Մոտենում է՝ արնոտ երախը բաց,
Ես զգում եմ արդեն այդ արյունի համը՝
Բերանիս մեջ ոխից արնակալած…
Աղոթքները զուր են, եւ կանչերը՝ թերի,
Հայոց աստվածներն էլ չեն ներում,
Պիտի ողջ-ողջ այրվեն զավակները նեռի
Պալատներում բոլոր ու տներում…
Եվ մաքրվեն պիտի տաճարները պղծված
Պղծողների արյամբ ու արցունքով,
Պիտի դժոխք իջնեն եւ թագերը գնված,
Արքաները չնչին, տականք ու գող…»:
Տականք ու գող արքաների վերջն այսպիսին եք տեսնում, փաստորեն: Իսկ Ձեր մարգարեության համաձայն՝ ինչպե՞ս է հնարավոր ազատվել նրանցից:

-Այդ բանաստեղծությունը իմ հոգում կուտակված ցավի եւ անհամաձայնության պոռթկումն է: Առհասարակ, ստեղծագործող մարդու համար հատկապես մեր օրերում դժվար է դիմանալ հայհոյելու, անիծելու գայթակղությանը: Համացանցում հատկապես այդ գայթակղությունը մեծ է, որովհետեւ երբ դու հայհոյում ես, ասենք, գործող իշխանությանը, դու անմիջապես ազգասեր մարդու եւ հայրենասերի անուն ես վաստակում: Իհարկե, այդ անունը որքան հեշտությամբ տալիս, այնքան հեշտ էլ խլում է նորին մեծություն ամբոխը: Եթե դուրս գանք պոեզիայի աշխարհից եւ խոսենք ռեալ քաղաքական գործընթացի մասին, կարող եմ հետեւյալն ասել: Գործող ռեժիմին հետեւելիս լացս է գալիս, դրա դեմ պայքարողներին տեսնելուց` զզվանքս: Ժամանակ է պետք: Առանց ցնցումների ոչինչ հնարավոր չէ, իսկ գողերի տեղը, անկախ նրանից` դրանք արքաներ են, թե պոետներ, բանտում է, դավաճանների տեղը` կառափնարանում:

-Տարբեր առիթներով խոսել եք բանաստեղծի ներքին ազատության եւ սահմանների մասին: Ի վերջո, որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում պոետի ազատությունը:

-Ես ավարտել եմ թատերական ինստիտուտը` պրոֆեսոր Սաթենիկ Մաթեւոսյանի ղեկավարությամբ: Երբ առաջին կուրսում խոսեցինք բարդույթների եւ ազատությունների մասին, կուրսի ղեկավարը արեց մի արտահայտություն, որը գամվեց ուղեղումս. ասաց` ամենաազատ եւ չկոմպլեքսավորված մարդիկ նախամարդիկ էին. մերկ էին ման գալիս եւ այլն… Պոետի ստեղծագործական, պոետական աշխարհը չունի սահմաններ եւ չի կարող ունենալ: Այդ սահմանափակումները սկսում են, երբ նա, բացի պոետ լինելուց, նաեւ քաղաքացի է, զավակ է, հայր է… Այսինքն՝ նա ներսից չունի սահմաններ. դրանք արտաքին կապեր են` սրտից ու հոգուց դուրս:

ԴԱ

Աննա Բաբաջանյան




Լրահոս