Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Իսկ հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն:
ArmLur.am-ին հայրենադարձված ռազմագերու քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ նրան հարազատներից ոչ ոք դեռևս չի տեսակցել. Անդրանիկի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա կալանավորված է. «Քննիչը մեզ ասել էր, որ կարող ենք արդեն գնալ՝ նրան տեսակցելու, սակայն քրեակատարողական հիմնարկում բացատրեցին, որ Շուշի մտնելուց հետո 10 օր պետք է անցնի, որ կարողանանք տեսակցել: Իսկ Շուշի 7 օր առաջ է տեղափոխվել: Կարանտինի մեջ է հիմա»:
Հայրենադարձված ռազմագերու փոխանցմամբ՝ իրենց հայտնի է դարձել, որ Անդրանիկի մոտ հոգեկան ինչ-որ շեղումներ են նկատվում. «Ասում են՝ անհասկանալի շարժումներ է անում: Խառը-խառը բաներ է անում. գլուխը լավ չի: Ադրբեջանում ձեռք բերված այլ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի, որպեսզի հասկանան ինչպես վարվել Անդրանիկի հետ»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ըստ այդմ՝ եթե Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ լինեն, քրգործը կկարճվի, հակառակ դեպքում՝ նրան ազատազրկում է սպասվում՝ մարտական հենակետը ինքնակամ լքելու մեղադրանքով:
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ դեկտեմբերի 3-ին կամ 4-ին, հավանաբար, արդեն հնարավորություն կունենան այցելելու Անդրանիկին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Դեպքից անմիջապես հետո ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց` դրանով հայտարարելով, թե Անդրանիկն իր կամքով է հայտնվել իր սահմանում: Իսկ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հերքեց այդ տեսանյութի հավաստի լինելը` դա որակելով Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունը:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հարազատները դեպքից հետո տեղեկացրել էին, որ Անդրանիկի ծնողները հոգեկան խնդիրներ ունեն, նա էլ իր հերթին որոշակի գանգատներ ունեցել է: Նրա՝ հակառակորդի սահմանն անցնելը կապում էին այս հանգամանքի հետ: Ամենայն հավանականության՝ հենց սա էլ եղել է մարտական հենակետն ինքնակամ լքելու պատճառը: