Թուրքիայի միգրացիոն շանտաժն ավելի արդյունավետ է աշխատում. 3 միլիարդ եվրոն արդեն կորզված է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը, փորձելով կանխել միգրացիոն ճգնաժամի նոր ալիքը, Թուրքիային խոստացել է երեք միլիարդ եվրոյի աջակցություն, եթե վերջինս ուժգնացնի ներգաղթյալների հոսքի վերահսկողությունը: Նկատենք, որ Թուրքիան հենց այդ չափի ֆինանսական աջակցություն էր պահանջել Եվրոպայից` իր տարածքում ապաստանած փախստականներին պահելու դիմաց: Սակայն անցած երեք ամիսների ընթացքում, երբ միգրացիոն ճգնաժամի առավել սուր փուլն էր, Եվրամիության կողմից որեւէ արձագանք չեղավ՝ ի պատասխան Թուրքիայի պահանջների: Եւ հիմա, երբ աննախադեպ կերպով սրվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները, եւ արդեն իսկ Ռուսաստանը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ զգալի տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին, Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում ընդառաջելու Թուրքիայի ոչ միայն այս, այլեւ մի շարք այլ պահանջներին:

Մասնավորապես, բացի 3 միլիարդ եվրոյի աջակցությունից՝ Եվրամիությունը խոստանում է քննարկել Թուրքիային առանց վիզային ռեժիմի տրամադրման հնարավորությունը արդեն 2016թ. աշնանից: Նախօրեին 11 տարվա ընթացքում ԵՄ-Թուրքիա առաջին երկկողմ գագաթնաժողովն ավարտվել է թուրքական տարածքով ներգաղթյալների հոսքի դադարեցմանն ուղղված համաձայնագրի ստորագրմամբ: Նշենք, որ Թուրքիան արդեն մոտ երկու մլն ներգաղթյալ է ընդունել Սիրիայից, որոնց մեծ մասը` մոտ 1.5 միլիոնը, Թուրքիայի տարածքով ներթափանցել է Եվրամիության տարածք:

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի միգրացիոն շանտաժն ավելի արդյունավետ է աշխատում, եւ դրա շնորհիվ եվրոպացիներից ավելի հեշտ է կորզել 3 միլիարդ եվրոն եւ սեփական քաղաքացիների` դեպի Եվրոպա ազատ տեղաշարժի հնարավորությունը, քան, օրինակ` հանուն եվրոպական արժեհամակարգի ուկրաինացիների անձնազոհությունը եւ սեփական երկիրը պատերազմական գոտու վերածելը: Ի վերջո, Ուկրաինան հեռու է, ուկրաինացիներն էլ չեն փորձում հատել ԵՄ սահմանները` խաթարելով եվրոպացիների բարեկեցիկ անդորրը:
Ստացվում է, որ «Իսլամական պետության» վրա ծախսած Թուրքիայի գումարները բավականին մեծ եկամուտ ապահովեցին վերջինիս համար թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական:

Այսքանից հետո չպետք է զարմանալ, որ թուրք-ռուսական, ավելի ճիշտ` Ռուսաստան-ՆԱՏՕ հետագա լարման արդյունքում Եվրամիությունը վերստին ակտիվացնի Թուրքիային ԵՄ ընդունելու քայլերը, իհարկե, մինչեւ անհրաժեշտ պահը: Ըստ ամենայնի` մենք կամաց-կամաց վերաարժեւորելու ենք թե՛ սեպտեմբերի 3-ի որոշումը, թե՛ հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության տապալումը:




Լրահոս