Քննարկում` Վճռաբեկ դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի նոյեմբերի 28-29-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ կլոր սեղան – քննարկում՝ նվիրված 2014-2015 թվականների ընթացքում քրեական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված և իրավակիրառ պրակտիկայի համար հիմնարար նշանակություն ունեցող նախադեպային որոշումներին:

Կլոր սեղան – քննարկումը կազմակերպվել էր ՀՀ դատական դեպարտամենտի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորները, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի` մարդու իրավունքների գծով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան և իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խորհրդականներ, ավագ օգնականներ և օգնականներ:
Քննարկման նպատակը ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումների քննարկումն էր: Նմանօրինակ քննարկումների կարևորությունն ընդգծվեց ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, այնպես էլ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատու Ռադկա Ռուբիլինայի ողջույնի խոսքերում:

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները միտված են Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործուն կառուցակարգերի ձևավորմանը:

Քրեական արդարադատության բնագավառում ներկայումս գրեթե հնարավոր չէ պատկերացնել որևէ դատական ակտ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք, որի փաստարկները հիմնված չլինեն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա: Վճռաբեկ դատարանի որոշումներն իրացնելու գործում լուրջ դերակատարություն ունի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Այդ առումով վերաքննիչ դատարանի դատավորների համար Վճռաբեկ դատարանի որոշումների իմացությունն առանձնակի կարևորություն ունի:

Կլոր սեղան – քննարկման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանը, Սերժիկ Ավետիսյանը, Արթուր Պողոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Արմեն Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Ժենյա Ստեփանյանը՝ ներկայացնելով 2014-2015 թվականների ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից կայացված առանձին որոշումներ, որոնք հիմնարար նշանակություն ունեն իրավակիրառ պրակտիկայի համար:

Կլոր սեղան – քննարկման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ընդգրկված առանձին դատավարական դրույթներ: Այդ դրույթների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումների համատեքստում անդրադարձ կատարվեց անձնական ազատության իրավունքի վերաբերյալ կարգավորումներին, որոնք վերոնշյալ նախագծի 209-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ուժի մեջ են մտնում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հրապարակման հաջորդ օրվանից:

ՀՀ դատական դեպարտամենտի ԶԼՄ-ների հետ համագործակցության բաժին




Լրահոս