Պուտին-Օբամա հանդիպումը ցույց տվեց` ՌԴ-ին թերագնահատել չի կարելի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության թուլացմանն ուղղված վերջին օրերի հայտարարություններին նախօրեին հաջորդեց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների փոխադարձ մեղադրանքների նոր փուլը: Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Թուրքիան «Իսլամական պետության» հետ նավթի ապօրինի առեւտրի անխափան ընթացքի ապահովման պատճառով է ռուսական ռազմական ինքնաթիռը խոցել, ինչին ի պատասխան Ռեջեփ Էրդողանը պահանջեց ներկայացնել կոնկրետ փաստեր` խոստանալով այդ դեպքում հրաժարական տալ: Նա նաեւ հակադարձ առաջարկով դիմեց Պուտինին` ասելով՝ իսկ արդյոք պատրաստ է ՌԴ նախագահը հրաժարական տալ այդպիսի փաստերի բացակայության դեպքում:

Եւ, ահա, երեկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ իր երկիրը չի հրապարակի Թուրքիայի եւ «Իսլամական պետության» միջեւ նավթի վաճառքի մասին ապացույցներ. «Կարեւորը նման տեղեկատվություն ունենալն ու աշխատանքում օգտագործելն է, որը հիմնականում կենտրոնացած է ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այս տեղեկատվությունն օգտագործվելու է ահաբեկչության դեմ պայքարում»,- նշեց Պեսկովը:

Արեւմտյան մամուլում նման պատասխանը գնահատվեց որպես ՌԴ-ի հնչեցրած մեղադրանքների հիմնազրկության ապացույց: Մինչդեռ ռուս փորձագետները գտնում են, որ անկախ այն բանից՝ այդպես է դա արդյոք, թե ոչ, ՌԴ այս հայտարարությունից հետո Թուրքիան մեծ զգուշություն կցուցաբերի ԻԼԻՊ-ի հետ իր բիզնես շփումներում, քանի որ Պեսկովի հայտարարությունը, ըստ էության, ակնարկում էր, որ ՌԴ-ն շարունակելու է հետեւել Թուրքիա-ԻԼԻՊ նավթային համագործակցության ընթացքին եւ անհրաժեշտ պահին այդ տվյալները կարող է հրապարակել:

Այս ֆոնին նաեւ ուշագրավ էր այն փաստը, որ Վ. Պուտինն այդպես էլ չցանկացավ հանդիպել Ռեջեփ Էրդողանի հետ Փարիզում Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում` անտեսելով Թուրքիայի նախագահի խնդրանքը եւ զուգահեռ արված այն հայտարարությունները, թե Թուրքիան նման կերպ չէր վարվի ռուսական ինքնաթիռի հետ, եթե իմանար, որ այն ռուսական է: Դրա փոխարեն` Փարիզում կայացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա-Վլադիմիր Պուտին կեսժամանոց հանդիպումը, որի ընթացքում Օբաման հրապարակավ հայտնեց իր ափսոսանքը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ եւ Պուտինին առաջարկեց Սիրիայում ռուսական օդուժի միակ թիրախը դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դիրքերը։

Եթե այս հանդիպումն ու դրան արեւմտյան մամուլի արձագանքը համեմատելու լինենք սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Նյու Յորքում կայացած Օբամա-Պուտին վերջին հանդիպմանը հետեւած գնահատականների հետ, ապա ակնհայտ է, որ սեպտեբերի վերջից իր ռազմական օդուժը Սիրիա մտցնելով՝ Ռուսաստանը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը, այլեւ ցույց տվեց, որ ՌԴ-ին թերագնահատել չի կարելի:




Լրահոս