«Ժառանգությունը» լրագրողներին մեղադրելուց առաջ պետք է հետևի իր գործողություններին. ինչու էր զայրացել Զարուհի Փոստանջյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել սեփական սխալները լրատվամիջոցների վրա բարդելն ու լրագրողներին պիտակավորելը: Երբ որևէ լրատվամիջոց որևէ անձի կամ կուսակցության մասին նրա համար ոչ հաճելի ինչ-որ տեղեկություն է  հրապարակում, անմիջապես հետևում են որակումներ՝ «պատվեր է», «վաճառված են», և այլն: Այդպես եղավ նաև մեր և «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի դեպքում:

«Ժողովուրդը» նոյեմբերի 28-ին հրապարակել էր մի հոդված, համաձայն որի՝ Սյունիքի մի շարք ընտրատեղամասերում կուսակցության հանձնաժողովի անդամներն իրենց տեղերը նվիրել կամ վաճառել են հանրապետականներին:

Սա դուր չի եկել Զարուհի Փոստանջյանին: Եվ այսօրվա ասուլիսի ընթացքում վերջինս, փոխանակ իրավիճակի շուրջ իր մտահոգությունները հայտներ, ասելով, որ «Ժառանգությունը» չունի այնքան կուսակիցներ, որ կարողանա ծածկել բոլոր 1997 տեղամասային կետրոնները, որոշեց վիրավորել ու պիտակավորել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով, թե ծառայում է Սերժ Սարգսյանին: Մինչդեռ մենք հրապարակել էինք բացառապես փաստեր, թե ինչպես են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցները հանձնաժողովներում զբաղեցրել «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի տեղերը, և որևէ պնդում չենք արել՝ վաճառել է կուսակցությունն այդ տեղերը, հանձնել, թե` նվիրել:

Ի դեպ, նյութը հրապարակելուց առաջ փորձել ենք «Ժառանգության» տեսակետը ստանալ, սակայն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ Սյունիքի պատասխանատուն Զարուհի Փոստանջյանն է, որին մի ամբողջ օր չկարողացանք գտնել՝ պարզաբանումներ ստանալու համար:

Հիմա ներկայացնում ենք փաստերը.

Սյունիքի մարզի 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Հալիձոր համայնքի ղեկավար հանրապետական կուսակցության անդամ Մարատ Գերասիմյանի կինն է՝ Ամալյա Գրիգորյանը, որը որևէ առնչություն չունի «Ժառանգության» հետ:

37/4 ընտրատեղամասի «Ժառանգություն» կուսկացության հանձնաժողովի ներկայացուցիչը Գորիս քաղաքի սպորտդպրոցի կոմիտեի նախագահ Սեյրան Պետրոսյանն է, որը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ «Այո՛»-ի շտաբի անդամ է:

Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին ծառայելու մասին Փոստանջյանի բարձրաձայնումներին, ապա մենք կգերադասենք ընդամենը հիշեցնել կուսակցության առաջնորդի պահվածքը, որը, ստանալով կես միլիոնից ավել քվե, մարդկանց թողեց Ազատության հրապարակում և գնաց ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելու: Ավելի ուշ նա հանդիպեց Սերժ Սարգսյանին ու փոխանակ խոսեր կեղծված ընտրությունների մասին՝ հետաքրքրվեց տիկին Ռիտա Սարգսյանի առողջությունից և զիջեց իր դիրքերը՝ Սերժ Սարգսյանին հնարավորություն տալով շարունակել իր կործանարար քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այնպես որ, բղավելուց առաջ սեփական քայլերին հետևելը գոնե տիկին Փոստանջյանի դեպքում խիստ անհրաժեշտ է:

Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս