Մեր ընդդիմությունն արժանի է այս իշխանությանը, իշխանությունն էլ` այսպիսի ընդդիմության. իսկ ի՞նչ անի ժողովուրդը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` դեկտեմբերի 1-ից քաղաքացիական անհնազանդության շարժումը, որի մասին այսքան ժամանակ խոսվում էր, եւ որով ընդդիմությունը «վախեցնում» էր իշխանություններին, իշխանություններն էլ` ընդդիմությանը, մեկնարկել է: Սակայն այդ մեկնարկը տրվեց բավականին անհասկանալի գործողություններով. հանրահավաքին հետեւած երթի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ ծաղկեփունջ դնել Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի առջեւ, ինչը, սակայն, նրան թույլ չտրվեց գրասենյակը անառիկ ամրոցի նման հսկող ոստիկանական պատի կողմից:

Եւ նախօրեի երեկոյան «Նոր Հայաստանի» հանրահավաքից սպասելիքներ ունեցող ժողովուրդը հետեւում էր, թե ինչպես է շուրջ մեկ ժամ մի քանի հարյուր հոգանոց ցուցարարների խումբը փորձում ճեղքել ոստիկանների շղթան, եւ ինչպես են ոստիկանները հրմշտում ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացիներին, որոնք պայքարում են… Ր. Հովհաննիսյանի ծաղկեփունջ դնելու ցանկության իրագործման համար:
Անկեղծ ասած` Ր. Հովհաննիսյանի էքսցենտրիկ քաղաքական քայլերն այլեւս որեւէ մեկի համար զարմանալի չեն. ի վերջո, առանց պահանջի ծոմապահությունից, Սերժ Սարգսյանի հետ նամակագրական կապի մեջ մտնելուց, ապա վերջապես նրան հանդիպելով` տիկին Ռիտայի առողջության մասին հետաքրքրվելուց, հաջորդիվ` «միայն իմ դիակի վրայով» հայտարարելուց ու այդ ամենի վերջում` ժողովրդին Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ դեմ առ դեմ թողնելուց եւ «Զորավարի» հետ Ծիծեռնակաբերդ աղոթելու գնալուց հետո ծաղկեփունջ դնելը, թերեւս, առանձնապես զարմանալի մի դրսեւորում չէ Րաֆֆու համար:

Այս դեպքում մի փոքր անհասկանալի էր րոպեներ առաջ «Մահ ռեժիմին» հայտարարած եւ «հեղափոխությունը սկսած» Ժիրայր Սէֆիլյանի ներկայությունն այդ ներկայացմանը (ի դեպ, Ժիրայրն ինքը օգտագործեց ներկայացում բառը):
Մյուս կողմից էլ նույնքան ոչ ադեկվատ, թեեւ միանգամայն համարժեք էր իշխանության արձագանքը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շուրթերով: Անդրադառնալով Րաֆֆու` ծաղկեփնջային հեղափոխությանը` նա երեկ ասաց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաներում: Կարելի է ծննդյան առումով դնել, կարելի է նահատակների հիշատակին դնել: Իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ մոտեցումը, որ ավելի գնահատելի է աշխարհում, դա երկրների նախագահները, խորհրդարանի նախագահները եւ վարչապետներն են դնում, որը ավելի մեծ բովանդակություն է ստանում»:

Եթե որեւէ մեկը հասկացավ, թե ինչ է նշանակում «ծաղկեփունջ դնելու արդյունավետ մոտեցում, որը գնահատելի է աշխարհում», ապա նա կհասկանա նաեւ, թե որն էր հարյուրավոր մարդկանց ծաղկեփունջ դնելու համար ոստիկանների հետ բախման տանելու իմաստը: Ըստ էության, մեր ընդդիմությունն արժանի է այս իշխանությանը, իշխանությունն էլ` այսպիսի ընդդիմության: Ափսոս է միայն ժողովուրդը, որը հաստատ սրան արժանի չէ:

 




Լրահոս