ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐՆ ԻՐԱՐԻՑ ԱՆԿԱԽ ԱՅՈ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ արդեն թեժ մրցակցություն է սկսվել: Ինչպես հայտնի է՝ այդ մարզը համարվում է գեներալների՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի «տարածքը», որոնք բոլոր ընտրություններում ամեն ինչ անում են՝ ամենաբարձր ցուցանիշները ներկայացնելու համար: Այժմ մրցակցությանը միացել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով Մ. Գրիգորյանի եղբոր որդին է: Գաղտնիք չէ նաեւ, որ վերջիններիս փոխհարաբերությունները լարված են դեռեւս 2008 թվականին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ Մանվել Գրիգորյանը դարձել էր ընդդիմություն, պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ Հրանտ Գրիգորյանը շարունակեց մնալ ՀՀԿ-ական` սատարելով Սերժ Սարգսյանին:

Հրանտ Գրիգորյանն ԱԺ-ում նորեկ չէ, նա միշտ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով տարբեր ընտրատարածքներից: Այս անգամ նա պատգամավոր է ընտրվել՝ Արմավիրի թիվ 20 ընտրատարածքից: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ըստ տեղեկությունների՝ Արմավիրի մարզում թեժ քարոզչություն է իրականացվում Ձեր կողմից, ու այս ժամանակահատվածում ամեն ինչ անում եք, որպեսզի կարողանաք լավ արդյունք ապահովել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները, արդյո՞ք արմավիրցիները այո են ասելու:
-Հիմա ես Արշալույս գյուղում եմ, այստեղ էլ են ընտրություններ, ու միշտ էլ գյուղերում եմ լինում, միշտ էլ հանդիպումներ ենք ունենում, իսկ ի՞նչ է պետք, այստեղ նաեւ համայնքապետի ընտրություն կա, դրան էլ ենք պատրաստվում: Երեւի կուզեն, էլի, որ այդ փոփոխությունները լինեն, դե, ժողովուրդն ամեն մեկն իր տեսակետն ունի, ամեն մեկն իր ասածն է ասում: Դրանք այնպիսի բաներ են, որոնց մասին ամեն մեկն էլ կարող է իր տեսակետն ունենալ:
-Նշվում է, որ Արմավիրի մարզում արդեն թեժ մրցակցություն է ընթանում հատկապես մարզի պատգամավորների միջեւ, քանի որ ամեն մեկը պետք է կարողանա իշխանություններին լավ արդյունք ներկայացնել: Ի՞նչ եք անում Դուք դրա համար, որպեսզի բավարարեք իշխանությունների պահանջները:
-Չէ հա, ո՞վ է ասում, որ ինչ-որ մրցակցություն է գնում, սովորական իրավիճակ է, սովորական ընտրություններ են, որը միշտ էլ եղել է: Ուղղակի բաներ կան, որ սիրում են չափազանցնել, հիմա չափազանցնում են, որեւէ լարված բան չկա, որեւէ մրցակցություն չկա: Ընտրություններ միշտ էլ եղել են, ու մենք միշտ էլ իմացել ենք մեր անելիքները:
-Բայց Ձեր հորեղբոր՝ Մանվել Գրիգորյանի հետ մրցակցություն ու պայքար է սկսվել, քանի որ երկուսդ էլ նույն ընտրատարածքի համար եք ձայներ ապահովվելու:
-Ես արդեն ասեցի, ուրիշ հարցեր չունե՞ք, եթե ուրիշ հարցեր կան, տվե՛ք: Քարոզչությունը շատ նորմալ ընթանում է, ռեալիթի շոուն ուղիղ եթերում ցույց են տալիս, Դուք չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում: Շատ նորմալ իրավիճակ է, այնպես որ, պետք չէ ինչ-որ բաներ չափազանցացնել ու ներկայացնել: Մարդիկ են, բաներ են, խոսում են, հիմա ինչ, պարտադիր է ամեն մեկի ասածից հետո եսիմ ինչ եզրակացություններ անե՞լ: Ինձանից եք հարցնում, էդ ամեն ինչը հեռուստատեսությամբ տեսեք, կհասկանաք, թե ինչ է կատարվում, ինձ եք հարցնում: Ախր ձայնի ապահովումը ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում, ինչի ձայնը ապրանք է, ի՞նչ է, որ ինչ-որ մեկն առնի ու ձայնով ապահովի:
-ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը նախքան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել ու հրահանգել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն իրենց տեղամասերում ձայներ «հավաքեն»: Դուք չե՞ք հետեւում ՀՀ վարչապետի հորդորին:
-Իսկ ով է ասում, որ վարչապետը նման բան է ասել պատգամավորներին, Դուք ինձ փաստեր ներկայացրեք ու ասեք, որ նման բանա եղել: Էդ ո՞ր պատգամավորներն են նման բան ասում, ես առաջին անգամ եմ լսում: Մենք մեր քարոզչությունը շատ հանգիստ անում ենք, ինչ պարտավորության մասին է խոսքը, Դուք նեկա՞ եք եղել էդ հանդիպումներին: Լավ կլինի, մեր երկիրն է, ամեն ինչ լավ է լինելու: Դե, մարդիկ կան՝ ուզում են այդ փոփոխությունները, մի մաս էլ չի ուզում, էս կյանքում 100 տոկոս ի՞նչ կա, համոզելու բան չկա, ամեն մեկն իր տեսակետն ունի, ամեն մեկն ինքն է քվեարկելու, ամեն մեկն էլ խելացի է, գիտի, թե ինչ է ուզում: Այնպես որ, դեկտեմբերի 6-ին իրենք ամեն ինչ իրենց քվեարկությամբ ասելու են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Սահմանադրական քարոզչության այս օրերին հանրապետականները ոգեւորությամբ նշում են, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում քաղաքական նոր մշակույթի ձեւավորում, ինչի շնորհիվ այո-ի եւ ոչ-ի համախոհները կարողանում են իրենց տեսակետն արտահայտել` քաղաքացիներին ցույց տալով սահմանադրական փոփոխությունների լավ եւ վատ կողմերը: Որպես այդ մշակույթի ներդրման կարեւոր գործիք՝ նշվում է հեռուստատեսությամբ շուրջ երկու շաբաթ հեռարձակված ռեալիթի շոուն, որի ավարտից հետո այսօր մասնակիցները կվերադառնան Երեւան:

Իրապես, թվում էր, թե այդ նոր ձեւաչափի մուտքը քաղաքական դաշտ պետք է որոշակի բաներ փոխեր, սակայն ինչպես տեսանք, այդքան էլ այդպես չեղավ: Ընդ որում, ռեալիթի շոուի ընթացիքին հետեւելիս, հստակ երեւում էր, որ խնդիրը ոչ թե ՀՀ քաղաքացիների, տարբեր մարզերի բնակիչների հետ էր կապված, այլ հենց Սահմանադրության քարոզով կամ հակաքարոզով զբաղվող քաղաքական գործիչների, որոնք ցանկանալով ներկայանալ որպես «ժողովրդի ծոցից ելած» գործիչներ` իրենց թույլ էին տալիս քաղաքացիների հետ շփվել դու-ով եւ «ախպերով»` երբեմն անցնելով «տնավարության» թույլատրելի սահմանները:
Այս կապակցությամբ հավանաբար շատերը հիշեցին Սերժ Սարգսյանի՝ 2012 թվականի դեկտեմբերին արած հայտարարությունը` քաղաքացիների հետ շփման մասին. «Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ ե՛ւ ուղղակի, ե՛ւ փոխաբերական իմաստով: Որեւէ քաղաքական ուժի, առավել եւս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձեւավորմանը: Նոր հայ, ով հարգում է օրենքները` հաստատ իմանալով, որ իրեն նույնպես հարգում են»:
Փաստորեն այո եւ ոչ-ի ներկայացուցիչները մոռացել էին Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերը, քանի որ քարոզարշավի ընթացքում որեւէ անգամ Դուք-ով չդիմեցին քաղաքացիներին, ավելին՝ ինչքան հնարավոր է՝ փորձում էին խոսել փողոցային բառապաշարով` քարոզչությունը հասցնելով կենցաղային մակարդակի:
Մեջբերենք մի քանի նման օրինակներ: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, դիմելով մի տարեց մարդու, ասում է. «Լսի, դու յոթ ամսական ես ծնվել», կամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը քաղաքացիներից մեկին դիմելով՝ վրդովված նշում է. «Հլը անցի էն կողմ, մի՛ խանգարի»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իրեն հարց տվող բնակչին ասում է.«Ովա քեզ սովորեցրել, որ գաս, ինձ էս հարցը տաս»:
Եթե սա է մեր քաղաքական դաշտի նոր մշակույթը, ավելի լավ է՝ մնանք հին մշակույթի կրողներ, որտեղ չեն լինի նման պսեվդոբանավեճեր եւ քաղաքացիների հետ շփման ցածրամակարդակ դրսեւորումներ: Եւ դժվար չէ կռահել, որ այո-ի եւ ոչ-ի ռեալիթի շոուի մասնակիցների մեծ մասը պետական աշխատողներ էին, որոնք լրացնելով բեմականացման մի մասը՝ ստիպողաբար եկել, կանգնել էին այնտեղ` դիմանալով եղանակային ցուրտ պայմաններին:
Ամփոփելով կարելի է նշել, որ անցկացված ռեալիթի շոուն զրոյական ազդեցություն ունեցավ, քանի որ նախ` առանձնապես չհետաքրքրեց հեռուստալսարանին, ապա եւ` ի ցույց դրեց ՀՀ քաղաքացիների անտարբերությունը առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Այս շոուն ավելորդ անգամ ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կքած է այնքան շատ եւ ծանր հոգսերի եւ խնդիրների տակ, որ սահմանադրական փոփոխությունների քննարկման ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն: Առավել եւս, որ վստահ է` նոր Սահմանադրությունը ոչինչ չի փոխի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՔԾՆԵԼՈՎ
Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը պաշտոնական նամակ է հղել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Տպավորություն է, որ Աբրահամյանը մոռացել էր ցեղասպանության մասին մինչ այս նման կոչով հանդես գալ: Տարօրինակ է, որ մինչեւ այս տարվա ապրիլի 24-ը, երբ տարբեր երկրներ Ցեղասպանության հետ կապված բանաձեւեր էին ընդունում, Արա Աբրահամյանի մտքով չանցավ նման նախաձեռնությամբ հանդես գալ: Նա այդ քայլն արեց միայն այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին լարվածության ֆոնին հայկական գործոնը կրկին սկսել է տեղ գտնել ռուս քաղաքական գործիչների բառապաշարում: Իսկ Աբրահամյանի համար սա լավ հնարավորություն է, որ հայ հանրությանը ցույց տա, թե իբր ինքը ինչ-որ «գործ» է անում: Բայց նման քայլերն ավելի շատ անլրջության դրսեւորում են եւ հեղինակին հաստատ պատիվ չեն բերում: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995-ին, իսկ 2005 եւ 2015-ին հայտարարություններ է ընդունել Հայոց ցեղասպանության համապատասխանաբար 90-րդ եւ 100-րդ տարելիցների կապակցությամբ:

 

ՀԻՎԱՆԴԿԱՐՏՈՖԻԼ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն: Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց եւ տուն տանելուց հետո են միայն իմանում, որ իրենք խաբվել են: Հարկ է նկատել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կամ պետական այլ գերատեսչություն ուշադրություն դարձնի այս ահազանգին:

 

ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր տունը» խորագրով «Հեռուստամարաթոն 2015»-ի արդյունքում ստացվել է մոտ 10 մլն 400 հազար դոլարի նվիրատվության խոստում: Անցած տարվա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել էր 12 մլն 400 հազար դոլար, իսկ 2013-ին հավաքագրվել էր 22 մլն դոլար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դրամահավաքի շրջանակներում պետական գերատեսչությունների աշխատակիցներին հրահանգվել է հանգանակել 5 հազարից 100 հազար դրամ, սակայն այդ գործոնը եւս չի օգնել, որ գոնե անցած տարվա չափ գումար հնարավոր լինի հավաքել:




Լրահոս