Ո՞վ է հարսանիքի ավարտին մտափոխված և փախած հարսնացուն, և ի՞նչը նրան նման քայլի դրդեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին համացանցը ողողված է նոյեմբերի 24-ին Սևան քաղաքի «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին լուրերով: Համալիրում ընթացող հարսանիքի ավարտին մոտ հարսնացուն փոշմանել և փախել էր:

Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե հարսնացուն ու հարսնաքույրը փախուստից առաջ վերցրել են բոլոր նվերները: Նրանց նկատել է փեսացուի մայրը, սակայն փախչողներին այդ քայլից հետ կանգնեցնել չի հաջողվել:

Պարզվում է՝ հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից են: Երիտասարդը Ազատամուտ համայնքի բնակիչ է. գյուղում մինչ օրս բոլորն ապշած են կատարվածից: Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կատարվածից հետո փեսացուի հարազատները դեռևս գյուղ չեն վերադարձել. «Դեռ մանրամասներ չգիտենք: Սա լինելո՞ւ բան էր, որ եղավ: Ինչ չէինք լսել, լսեցինք։ Դե, հիմա միայն լսել ենք, որ էնքան ճարպկորեն է ամեն ինչ հարմարացրել, որ փեսան աչքը չթարթած՝ հարսը արդեն փախել էր»:

Գյուղապետի փոխանցմամբ՝ համագյուղացիներն ասում են, որ տղան անհամբեր սպասում էր հարսանեկան արարողությանը: Ի դեպ, մինչև բուն հարսանեկան արարողությունը զույգն արդեն իսկ պսակադրվել էր եկեղեցում:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ հարսնացուն Երևանում էր աշխատում՝ որպես մենեջեր, և այժմ էլ նա Երևանում է գտնվում՝ ընկերուհու մոտ: Զույգը երկու տարի նշանված է եղել, իսկ լուրերը, թե փախուստից առաջ նա իր հետ վերցրել է բոլոր նվերները, իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք՝ aravot.am-ը գրում է, որ աղջկա մայրն էլ երիտասարդ հասակում նշանված լինելով՝ 3 տարի անց վերադարձրել է նշանի մատանին, ամուսնացել ուրիշի հետ:

Ինչն է դրդել հարսնացուին վերջին պահին մտափոխվել և այդկերպ լքել ապագա կողակցին, դժվար է ասել: Եվ կատարվածը դժբախտ, թե երջանիկ «պատահար» էր, թերևս, կհասկանա միայն արդեն նախկին զույգը: Սակայն հարկ է նկատել, որ այս արտառոց դեպքից հետո շատերը վստահաբար ասում են, որ ավելի ճիշտ է այդպես, քան արդեն կազմավորված ընտանիք ունենալուց հետո բախվել այդքան անցանկալի ապահարզանին:

Երջանկությո՛ւն կոտրված սրտերին… 🙂




Լրահոս