Ազատության հրապարակում սառչող քաղաքացիների նախագահը համարվող Սարգսյանը պարտավոր էր իր խոսքն ուղղել նրանց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխություններից ընդամենը 3 օր առաջ հրապարակված իր հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանն այդպես էլ որեւէ կերպ չանդրադարձավ դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում ընդդիմության սկսած պայքարին (ընդ որում, ուշագրավ էր, որ նրան այդ մասին որեւէ հարց չուղղեցին մեր բազմաթիվ անկախ, բայց տարեցտարի է՛լ ավելի պատասխանատու դարձող հեռուստաընկերությունների ներկայացուցիչները):

Եթե Ս. Սարգսյանը սրանով փորձեց ցույց տալ, որ լուրջ չի ընդունում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին անդամակցող ուժերին, դա անհասկանալի եւ արհեստական կեցվածք է, քանի որ նախ` ՀՀ-ն այնքան փոքրիկ երկիր է, որ անգամ մի քանի հազար մարդու ներկայությունը Ազատության հրապարակում չի կարող եւ չպետք է անտեսվի երկրի նախագահի կողմից, ով, ի դեպ, իրեն հայտարարել էր Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը` անկախ նրանց կատարած ընտրությունից: Ուրեմն իրեն նաեւ Ազատության հրապարակում սառչող քաղաքացիների նախագահը համարող Սարգսյանն ուղղակի պարտավոր էր իր խոսքն ուղղել նրանց` այդպիսով ցույց տալով, որ զգում է իր պատասխանատվությունը նաեւ այդ քաղաքացիների հանդեպ:

Իհարկե, Ս. Սարգսյանի այդ հարցազրույցը կարող էր եւ նկարահանված լինել մինչեւ դեկտեմբերի 1-ը: Ի վերջո, նախագահականի «տղաները» ահագին աշխատանք էին տարել` մոնտաժելով այդ երկարաշունչ նյութը, սակայն արդեն դրան հաջորդած երեկվա ՀՀԿ ԳՄ նիստում եւս ընդդիմության գործողութունները անտեսելով` հանրապետականներն առավել ընդգծված կերպով փորձեցին ցույց տալ, որ իրենց ամենեւին չեն մտահոգում Ազատության հրապարակից հնչող «մահ ռեժիմին» կոչերն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած հեղափոխությունը:
Թե որքանով է նման կեցվածքը ճիշտ հանրապետականների դեպքում, գնահատելն անշնորհակալ գործ է, սակայն, այնուամենայնիվ, Մելիք Ադամյանում պետք է որ գիտակցեին՝ այսօր Սերժ Սարգսյանի «ռեժիմին մահ» ասողները եւ նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը մերժողները վստահաբար շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան այն մի քանի հարյուր կամ հազար քաղաքացիները, ովքեր սառչում են Ազատության հրապարակում:

Եւ եթե հեղափոխության իրականացման շանսերը ՀՀԿ-ում զրոյական են համարում` նկատի ունենալով նաեւ իրենց տիրապետության ներքո գտնվող իրավապահ համակարգի ռեպրեսիվ գործիքակազմը, որը նրանք կկիրառեն անհրաժեշտ պահին, ապա չարժի նույնքան հանգիստ լինել սահմանադրական փոփոխություններին ոչ ասողների թվաքանակի հարցում: Ըստ ամենայնի, սա հասկանում են ՀՀԿ-ում, որտեղ «ջայլամային» կեցվածք ընդունելով հանդերձ` դեկտեմբերի 1-ից սկսած` ավելի հաճախ են սկսել կրկնել, որ այս սահմանադրական հանրաքվեն իրենց համար կյանքի-մահու խնդիր չէ, եւ որ ՀՀԿ-ի համար ողբերգություն չի լինի, եթե այն չանցնի:




Լրահոս