ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Երեխաների հարցերով պետական քարտուղարի հատուկ խորհրդատու, դեսպան Սյուզն Ս. Ջեկոբսի ղեկավարած պատվիրակությանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների համագործակցությունը, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտում: Նախարարը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հիմնական և շատ կարևոր գործընկեր է. «Շատ կարևորում եմ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, քանի որ կայուն համագործակցության շնորհիվ բարեփոխումների ողջ ընթացքում մենք հաղորդակից ենք եղել ոլորտում ունեցած ձեր լավագույն փորձին»:
Դեսպան Սյուզն Ս. Ջեքոբսն իր հերթին նշել է, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների մեջ շատ լավ համագործակցություն է ձևավորված՝ հատկապես երեխաների պաշտպանության ոլորտում: «Այն հանգամանքը, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանը նախանշվել է որպես առաջնային երկիր, որի հետ աշխատելու ենք երեխաների բարօրության հարցերի շուրջ՝ դա հատկապես կօգնի այս ոլորտում համատեղ աշխատանքները ամրապնդելու գործում»,-ընդգծել է տիկին Ջեքոբսը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը խթան է հանդիսացել համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները: Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգերի ձևավորումն ու զարգացումը, որը թույլ կտա սոցիալական պատճառներով հաստատությունում հայտնված երեխաներին ապրել ընտանիքում և ստանալ համապատասխան սոցիալական ծառայություններ:
Այս գործընթացներում նախարարը կարևորել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտը, մասնավորապես՝ դեպքի վարումը, ընտանիքի կարիքի գնահատումը և ըստ դրա՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը: «Այս համատեքստում պետք է ընդգծեմ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը, որտեղ արդեն կարող ենք արձանագրել առարկայական քայլեր և որի կայացումը թույլ կտա սոցիալական վարչարարությունից անցում կատարել իրական սոցիալական աշխատանքի մարդու հետ»,- ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին դեպան Սյուզն Ս. Ջեքոբսը բարձր է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով որ երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները բավական բարդ գործընթաց է և վստահեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել և աջակցել բարեփոխման ընթացքին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին