ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ԿՌԻՎ ՉԷ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել են` եթե անհրաժեշտություն լինի, ընտրելու են ամեն գնով փոփոխություն անելու տարբերակը:

-Պարո՛ն Սէֆիլյան, արդեն 2-րդ օրն է, ինչ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում է եւ իշխանություններից պահանջում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում: Ի՞նչ է սպասվում հետագայում, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:
-Ծրագիրը կա, որի մասին արդեն հայտարարել ենք, նոր բան չկա, պայքարը սկսված է, մնում է մարդիկ հասկանան, որ ամեն ինչ իրենցից է կախված, մենք ենք կերտելու մեր ապագան, մեր փոխարեն, հայերի փոխարեն ոչ ոք դրսից չի գալու ու մեզ համար երկիր չի կառուցելու: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները վերջ ի վերջո գիտակցելու են եւ շարժվելու են տեղից: Մեր պատկերացրած պայքարի մեկնարկը տրվել է, ու հուսով ենք, որ հնարավորինս շուտ հասնելու ենք մեր նպատակին:
-Դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում մարդկանց թիվն ավելի շատ էր, քան այժմ /երեկ/: Չնայած որ հայտարարվեց նստացույցի մասին, բայց պայքարող ուժի ղեկավար հատվածը Ազատության հրապարակում չի անցկացնում: Ցերեկվա ժամերին կարելի է հաշվել այն անձանց, ովքեր Ազատության հրապարակում են լինում: Ինչո՞ւ, ո՞րն է այդ անտարբերության պատճառը, արդյո՞ք հեռվից լինում է պայքարել:
-Ցերեկը պարբերաբար եղել ենք Ազատության հրապարակում՝ ղեկավար կազմից, վստահ վեյրիվայրումներ կլինեն, մենք գիտենք, որ մեր երկրում հեշտ չէ ժողովրդի մոբիլիզացումը, հակառակորդն իր պետական բոլոր լծակներն օգտագործում է՝ ժողովրդին ստիպելու, որ չմոտենա Ազատության հրապարակին: Դժվար է, մի օր քիչ, մի օր շատ քանակով, ես կարծում եմ, որ կգնանք առաջ, բայց եթե որեւէ խումբ համառորեն շարունակի իր ազնիվ մղումով պայքարը, վստահ եմ, որ այդ մոբիլիզացիան լինելու է:
-Բոլորի համար անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ ոչ-ի դաշտի մյուս քաղաքական ուժերը չեն միանում Ձեր պայքարին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը հրաժարվում միանալ Ձեզ, փոխարենը ամսի 3-ին Ազատության հրապարակում առանձին հանրահավաք է հրավիրում:
-Մենք խնդիր չենք տեսնում, գործակցում ենք, համադրում ենք մեր գործունեությունը, որեւէ պրոբլեմ չկա:
-Դուք Ազատության հրապարակից կոչ արեցիք մյուս քաղաքական ուժերին միանալ Ձեր պայքարին: Դիմեցիք նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում է, որ չի միանալու մի շարժման, որի ծրագրերն անհայտ են, ու պայքարի տապալումը կարող է բերել ժողովրդի հիասթափության: Մտավախություն չունե՞ք, որ անհաջողության դեպքում կարող եք հերթական անգամ հիասթափեցնել ժողովրդին:
-Մենք ընտրել ենք պայքարի այս ձեւը, ունենք մեր հիմնավորումնեը, թե ինչու, ամեն մարդ ազատ է, գիտի, թե ինչպես պետք է պայքարի: Իսկ եթե ունենք մեկ ուղի, բնականաբար, պարբերաբար տարբեր գործիչների պետք է հրավիրենք: Ես այստեղ որեւէ բան չեմ տեսնում, դա պայքարի ձեւ է:
-Իշխանությունները կարծես թե չեն արձագանքում Ձեր պահանջներին: Չե՞ք կարծում, որ Ձեր հանրահավաքները, կոչերը իշխանություններին չեն հետաքրքրում:
-Քիչ առաջ ինձ զանգեցին ու ասացին, որ բարձրաստիճան ինչ-որ չինովնիկ ասել է, որ իրենց համար հանրաքվեն մահու-կենաց կռիվ չի, այսինքն՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն: Զանգեցին, ասացին, որ այսպիսի լուր է պտտվում, չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ:
-Այսինքն՝ Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունները հետ են կանգնելու իրենց ծրագրից, Դուք կարծում եք, որ Ձեր ճնշումները արդյո՞ւնք են տալու:
-Ես հավատում եմ, որ այսօրվա օրակարգում է չեղարկումը՝ ներազգային եւ միջազգային իմաստով, ու նժարին դրված է երկու բան՝ մեկը, որ անում են այս հանրաքվեն, ու Հայաստանը ընկնում է անկայուն վիճակի մեջ, իսկ մյուսը, որ հրաժարվում են այս հանրաքվեից, ու դրան հաջորդում է կայուն Հայաստան: Այս ընտրության առաջ են:
-Իշխանությունների «զենքը» համարվում է նաեւ այն, որ այսօր պայքարի դուրս եկած ուժերը բազմաթիվ անգամ հիասթափեցրել են ժողովրդին՝ պայքարի կեսից հետ կանգնելով` ի դեմս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ր. Հովհաննիսյանի:
-Ր. Հովհաննիսյանին մեր ժողովուրդը եթե չհավատար, ապա ինչպես կարող էր այս բռնատիրական ռեժիմի օրոք կես միլիոնից ավել ձայն տալ, հակասում են իրենք իրենց: Ուրիշ հարց է, որ հետո դրանք ինչ մարտավարությամբ պետք է արվեր, չարվեց, թե արվեց, պարոն Հովհաննիսյանն ունեցել է իր մարտավարությունը, որը կարող է ընկալվել կամ ոչ: Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի մարտավարության ընտրության մեջ առանցքային դեր է ունեցել ո՛չ բախումին, ո՛չ ցնցումայինին կարգախոսը:
-Դո՞ւք էլ եք ընտրելու ոչ բախումային տարբերակը:
-Բնականաբար մեր ընտրությունը դա է, սակայն այսօր Րաֆֆիի հետ եկել ենք այն եզրակացության, որ երկար չենք կարող գերի դառնալ նաեւ այդ հանգամանքին: Այսինքն՝ եթե պետք լինի, ամեն գնով պետք է գնալ փոփոխության:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՊԱՏՎԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

«Ժողովուրդ»-ը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը թիմ է հավաքել եւ նոր կուսակցություն հիմնելու ծրագիր է մշակում, որն, ըստ ամենայնի, կոչվելու է «Ազգային միասնություն»: Պարզվում է՝ Աբրահամյանը որոշել է ագրեսիվ քայլերով մտնել քաղաքական դաշտ, որպեսզի քաղաքական «դոդի» պիտակին չարժանանա:

Հիշեցնենք, որ Աբրահամյանի կուսակցության ծրագիր գրողները նախկինում եղել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գ.Ծառուկյանի հուշարարները՝ Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյան, ովքեր անգործ էին մնացել Ծառուկյանի քաղաքական վախճանից հետո:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌՀՄ նախագահ Ա. Աբրահամյանը մտադիր է դաշտ մտնել ագրեսիվ հարձակումներով: Նա խնդրել է իր համար ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառ թիմ» հավաքել, որպեսզի կարողանա ազատվել իր համար ոչ ցանկալի պիտակներից, թե Արա Աբրահամյանն անգրագետ է կամ ՌԴ-ի ծառան: ՌՀՄ նախագահը մտադիր է նաեւ լրատվական դաշտի ներկայացուցիչների վրա «գրել տալով»՝ փրկել իր իմիջը: Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված քննադատությունները՝ այդ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել:
Գ. Ծառուկյանն էլ էր դիմադրում, որ իրեն դոդի Գագո չասեն, չգրեն, դրա համար հատուկ թիմ էր հավաքել, վարձատրում էր: Բայց կյանքը ցույց տվեց, որ դոդի Գագոյից Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչ սարքելու փորձ անող թիմը տապալվեց, եւ հիմա դժվար թե անգրագետի համարում ունեցող Աբրահամյանից քաղաքական գործիչ «ստանան»:
Նշենք, որ քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն՝ Աբրահամյանը մտադիր է կուսակցություն բացելուց հետո համագործակցել ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանի կողմից հիմնված «Հայկական վերածնունդ» միավորման հետ: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնապես պարզել՝ հնարավո՞ր է «Հայկական վերածնունդի» եւ ստեղծվելիք «Ազգային միասնություն» կուսակցության համագործակցությունը: «Հայկական վերածնունդ» միավորման մամլո խոսնակ Վահե Մոսինյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, որ Աբրահամյանն իր նոր ստեղծելիք կուսակցությամբ հայտարարություն է արել միանալու «Հայկական վերածնունդին»: Համագործակցություն, չգիտեմ, լինելու է մեր մեջ, թե ոչ, բայց ներկայումս որեւէ համագործակցային գործողություն չկա: Ես ո՛չ հաստատում եմ, ո՛չ բացառում եմ այդ հանգամանքը: Ավելի հստակ կերեւա ապագայում»: Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանը ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանի որդու քավորն է, ինչով եւ, հավանաբար, պայմանավորված է համագործակցության այս հեռանկարը:
Նշենք, որ Աբրահամյանը ցանկանում է իր թիմում որեւէ կարգավիճակով ներքաշել նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռ.Քոչարյանին, սակայն վերջինս ձեռնպահ է մնում՝ չցանկանալով որեւէ կերպ մասնակցություն ունենալ այդ գործընթացին:
Ա. Աբրահամյանն «Ազգային միասնություն» ստեղծելու նախապատրաստական փուլի մեջ է այժմ եւ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ` ցանկանալով ներգրավել հնարավորինս շատ ազդեցիկ ու հեղինակավոր մարդկանց: Այս պահի դրությամբ նկատելի է, որ հեղինակություն վայելող որեւէ լուրջ ուժ կամ անհատ չի համաձայնել միանալ Աբրահամյանին եւ նրա հետ ճանապարհ անցնել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
97 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՐՄԱՎԻՐԻՆ
ՀՀ Արմավիրի մարզպետարանին կառավարությունը կհատկացնի 97 մլն 200 հազար դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում: Գումարը հատկացվելու է այս տարվա օգոստոսի 22-ին եւ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության պատճառով տուժած Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն եւ Ակնաշեն գյուղերի բնակիչներին օգնելու համար: Բանն այն է, որ այդ գյուղերի բնակիչները վարկառու են մարզում գործող տարբեր բանկային կազմակերպություններում եւ ի վիճակի չեն ներկայումս իրականացնել իրենց հարկային պարտավորությունները, որոնք հողի հարկի գծով կազմում են շուրջ 9 մլն դրամ, իսկ ջրի վարձավճարները՝ շուրջ 86 մլն 200 հազար դրամ: Բացի այդ՝ Մարգարայի ջերմատնային տնտեսություններին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս: Գումարը հատկացվելու է նշված պարտքերը մարելու համար: Մնում է՝ գումարները ճիշտ չափով հասցեատերերին հասնեն:

 

 

ԳԱԳԻԿ ՄԽԵՅԱՆԻ ՇՈՒՐՋ
«Ժողովուրդ»-ը մայիսի 30-ին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը հայտնվել է դատարանում: 2015թ. մայիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Գագիկ Մխեյանին պարտավորեցնել, որպեսզի վճարի հողի վարձավճարի պարտքը, որը կազմում է 270 հազար դրամ: Նշենք, որ Գագիկ Մխեյանը, լինելով պատշաճ ծանուցված սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, չի ներկայացել դատարան, փոխարենը դատարանին ներկայացրել է գրավոր պատասխան եւ խնդրել է կիրառել հայցային վաղեմություն եւ հայցն ամբողջությամբ մերժել: Դատավոր Արայիկ Մելքումյանն էլ բավարարել է Գագիկ Մխեյանի «խնդրանքը» եւ մերժել է Երեւանի քաղաքապետարանի հայցը:

 

«ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱՅԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հերթական անգամ տուգանել է «Սարգիս Կարոլինա» ընկերությանը, որը պատկանում Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանին: Պարզեցինք, որ նախարարությունը ընկերությանը հերթական անգամ տուգանել է հայտարարագիրը մաքսային մարմին ուշ ներկայացնելու համար: Իսկ տուգանքի չափը կրկին կազմում է ընդամենը 50 հազար դրամ:




Լրահոս