ՀՀԿ-ականներն անգամ այստեղ են փորձել «շուստրիություն» անել` վերահաշվարկի դիմումներ ներկայացնելով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերահաշվարկի պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է դիմումներ 78 տեղամասերից: Պարզվում է, որ այդ դիմումների մի մասը հենց իշխող Հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից է ներկայացվել: Ասել է թե` այս անգամ նույնիսկ այս հարցում իշխանությունները ավելի ճարպիկ են գտնվել` առաջ անցնելով ընդդիմությունից եւ ավելի շուտ ներկայացնելով վերահաշվարկի դիմումներ, ինչի արդյունքում օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում կարող է պրակտիկորեն անհնար լինել իրականացնել վերահաշվարկը բոլոր 78 ընտրատեղամասերում:

Ճիշտ է` երեկվա դրությամբ 14 ընտրատեղամասերում կատարված վերահաշվարկի արդյունքներով աննշան փոփոխություններ են արվել, այդուհանդերձ, ինքնին այն փաստը, որ ՀՀԿ-ականներն անգամ այստեղ են փորձել «շուստրիություն» անել, ցույց է տալիս, թե իրականում որքան մեծ էր նրանց մտավախությունը , որ ոչ-ը կհաղթի:
Եվ այն պարզաբանումը, որ փորձել է ներկայացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, թե իրենք վերահաշվարկի համար դիմել են, քանի որ «գոհ են, բայց անտարբեր չեն», մեղմ ասած` ծիծաղ է հարուցում:«Ուզում ենք պարզել, թե ովքեր են ընտրախախտում թույլ տվողները, գուցե «արջի ծառայություն մատուցող Հանրապետականի համակիրները» կամ գուցե հենց ընդդիմադիրները»,- ասել է նա: Փաստորեն ՀՀ-ում ընտրությունների անցկացման պատմության մեջ նոր «նոուհաու» է ներմուծում Բաղդասարյանը` առաջին անգամ նաեւ ընդդիմությանը մեղադրելով ընտրակեղծարարության մեջ:

Սակայն այս իրավիճակում թերեւս առավել կարեւոր է այն հանգամանքը, որ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ օրենքի անկատարությունը: Եվ երբ երեկ մամուլի ակումբներից մեկում կոռուպցիայի օրվա հետ կապված ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հայտարարում էր, թե եթե ընդդիմությունը իրապես վստահ էր իր հաղթանակում, ապա ինչու է վերահաշվարկի ընդամենը 78 դիմում ներկայացրել` զուգահեռաբար փիլիսոփայական մտքեր հնչեցնելով ոչ այնքան օրենքների բովանդակության, որքան դրանց կիրառման անհրաժեշտության մասին, լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ լիներ ոչ թե 78, այլ 1000 ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու մասին դիմում, այդ դեպքում ինչպե՞ս էր ապահովվելու օրենքի կիրառությունը:

Այս հարցին, սակայն, Քրմոյանը չկարողացավ որեւէ հոդաբաշխ պատասխան տալ:
Մինչդեռ այս հանրաքվեի ընթացքում կրեատիվ մոտեցում ցուցաբերելու դեպքում ընդդիմությունը կարող էր պարզապես կաթվածահար անել ԿԸՀ-ի գործունեությունը` առնվազն մի քանի հարյուր ընտրատեղամասերում վերահաշվարկ պահանջելով, եւ օրենքով սահմանված ժամկետում դրա իրագործման անհնարինության պարագայում վիճարկել հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը:




Լրահոս