Դատավորները հաղթում են ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015 թվականի ապրիլին գրել էինք, որ ՀՀ դատավորները, օգտագործելով իրենց մասնագիտական հմտությունները, կարողանում են գործել ճանապարհային ոստիկանության դեմ: Նրանք հակընդդեմ հայցերով հասնում են այն բանին, որ կա՛մ տուգանքների բռնագանձման պահանջով դատարան դիմած ՃՈ-ն հետ է վերցնում իր հայցը, կա՛մ էլ վերանայում է այն: Սակայն այս դեպքը միանգամայն այլ ելք է ունեցել:
Օրինակ` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը 25 հազար դրամ գումար բռնագանձելու հայցին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով ՃՈ-ին հրաժարվել բռնագանձման մասով հայցից: Իսկ ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը հրաժարվել է իր հայցից: Գործը քննող դատավոր Ա. Դարբինյանն էլ կարճել էր գործը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը եւս ՃՈ-ի հետ խնդիրներ էր ունեցել տուգանքի մասով եւ դատարանում հաղթել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերոնշյալ դատավորներից բացի՝ ՃՈ-ի հետ խնդիր է ունեցել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանը: Վերջինս 2014 թվականին դիմել էր ՀՀ վարչական դատարան` հայտնելով, որ ՃՈ ավագ տեսուչ էդուարդ Շահինյանը իրեն տուգանել է 20.000 դրամի չափով, սակայն ինքը տուգանքը համարում է սխալ եւ ներկայացրել է հիմնավորումներ:

Պարզվում է` NISSAN մակնիշի 72ՍT777 համարանիշի տրանսպորտային միջոցը, որը պատկանում է դատավորին, Երեւան, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի հատվածում խախտել է ճանապարհայի երթեւեկության կանոնները: Եվ այդ խախտումը պատճառ է դարձել, որ ՃՈ-ն դիմի դատարան եւ պահանջի դատավորից գանձել 20 հազար դրամ: Դատավորն էլ հակընդդեմ հայցով է դատարան մտել:

Վերջինս դատարանում հայտնել է, թե ինքը խախտում չի իրականացրել եւ ՃՈ տուգանքը պետք է անվավեր ճանաչել: Գործը նախագահող դատավոր Հրաչ Այվազյանը շուրջ 5 ամիս քննելով դատավորի եւ ՃՈ-ի միջեւ առաջացած խնդիրը, որոշել է Արտակ Բարսեղյանի հայցն ընդդեմ «Ճանապարհային ոստիկանության» բավարարել: Այսինքն` շուրջ 850 հազար դրամ աշխատավարձ ստացող դատավոր Արտակ Բարսեղյանը ժամանակ չխնայեց եւ ընդամենը 20 հազար դրամի համար շուրջ 5 ամիս «դատարանի դռներն» ընկնելով՝ չվճարեց ՃՈ տուգանքը:

Ի դեպ, ուսումնասիրելով վերջինիս կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագիրը՝ պարզեցինք, որ 2014 թվականին այդ դատավորի դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ եւ 85 հազար ԱՄՆ դոլար: Իսկ 2014 թվականի ընթացքում մոտ 182 միլիոն դրամի ժառանգություն է ստացել` անշարժ գույքի տեսքով:

Բայց, դե, 20 հազար դրամ տուգանքը նրա համար սկզբունքի հարց էր, ինչին դատական իշխանության ներկայացուցիչը հասավ իր սիրելի գործընկերների միջոցով: Իսկ ՀՀ շարքային քաղաքացիները, ցավոք, սուսուփուս վճարում են բոլոր այն տուգանքները, որոնք ներկայացվում են ՀՀ ՃՈ-ի կողմից:

Ք. Մ.




Լրահոս