Դատավորները ԲԴԽ-ի որոշումների դեմ ընդվզում են. գործընթաց է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետք-ը հրապարակել էր, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները սահմանելու մասին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) 2023թ. որոշման որոշ դրույթներ:

2023թ. դեկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դատավորների աշխատանքային կարգապահության կանոնները սահմանող որոշում է ընդունել։ Դրանք վերաբերում են դատավորների իրավունքներին ու պարտականություններին, աշխատանքի և հանգստի ժամանակին, աշխատանքային պայմանների առանձնահատկություններին, դատավորների միջև ծառայողական փոխհարաբերություններին և այլն:

Դատավոր Սարգիս Հովհաննիսյանը Վարչական դատարանում վիճարկում է այդ որոշման 12 կետ:
Առաջին հերթին պահանջում է անվավեր ճանաչել այն դրույթը, որով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Դատավորը խնդրահարույց է համարում նաև այն դրույթը, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների առանձնահատկություններով, այդ թվում՝ մասնագիտացումներով պայմանավորված, դատարանի նախագահը դատավորի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշ կանոններ կարող է փոփոխել:
Փոփոխվող կանոններից մեկն էլ այն է, որ դատարանում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ հանգստյան օրերը շաբաթն ու կիրակին են, ինչպես նաև՝ տոն կամ հիշատակի օր համարվող ոչ աշխատանքային օրերը: Իսկ աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին և ավարտվում 18:00-ին, ընդմիջումը՝ ժամը 13-14-ը:
Վիճարկվող մյուս նորմը աշխատանքային ժամերի մասին է՝ դատարանի նախագահը փոխադարձ համաձայնությամբ կարող է հետաձգել առանձին դատավորների աշխատանքային օրվա սկիզբը, ավարտը և ընդմիջման ժամը:
ԲԴԽ-ի որոշմամբ սահմանվում է նաև, որ ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ, իսկ դատավորն ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ: Սա ևս Ս. Հովհաննիսյանի համար վիճելի դրույթ է:

Սա էլ դեռ քիչ չէր Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին մի նոր փաստի առաջ է կանգնեցրել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ որոշել է՝ այսուհետ դատավորները պետք է իրենց գործերի ժամկետների մասին տեղյակ պահեն դատարանի նախագահին, եթե ժամանակին չեն ավարտել գործը, ներկայացնեն պարզաբանում, թե ինչու չի հաջողվել: Ամենաուշագրավը ԲԴԽ որոշման մեջ այն է, որ եթե դատարանի նախագահն էլ չպահպանի դատարանի դատավորների կողմից գործերի ժամկետների հսկողության մասով հետեւողական մոտեցում ու ժամանակին դեպարտամենտին տեղյակ չպահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։

Ասել է թե՝ դատարանների նախագահները պետք է սկսեն դատավորների վարույթներում քննվող գործերի ընթացքի մասին մանրամասներին տիրապետել եւ ապա զեկուցել ԲԴԽ-ին։ Բացի այդ, սահմանել են, որ դատավորները, որոնք իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) եւ (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք) եւ այլն, դատարանի նախագահին նախապես ու ամսվա վերջում գրավոր հաշվետվություններ պետք է տան (ինչը նույնիսկ ոստիկանությունում ու քննչական մարմիններում չկա): Դատավորները կարող են բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ: Ընտանեկան դրության մանրամասները դատարանների նախագահներին զեկուցելուց բացի, պետք է իրենց վարույթի գործերի մանրամասները ներկայացնեն, որ նրանք վերհսկեն ընթացքը:
Այսկերպ «անկախ դատական համակարգի» բրգաձեւ ղեկավարման նոր մոդել է ներդրվում սիրուն փաթեթավորմամբ՝ վարքագծի նկատմամբ հսկողությունից անցնելով ընթացիկ գործերի մոնիթորինգին: Այս քայլով ԲԴԽ-ն, որ սահմանադրական անկախ մարմին է՝ ապահովելու դատական անկախ համակարգի գործունեությունը, իրականացնելու է տոտալ հսկողություն՝ համակարգը արդեն դե յուրե դարձնելով միասնական կառավարման ենթակա կառույց, շեֆ-ենթակա հարաբերություն կառուցելով»:

ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը վերանշյալ նախագծի մասով նույնպես մտահոգություններ էր հայտնել:

Քնար Մանուկյան




Լրահոս