Ես ապրել եմ արվեստի պարգևած «հոգևոր ցնցումը». Սոֆիկ Սարգսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկունք» (1976 թ.), «Նահապետ» (1977թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Յարխուշտա» (2005թ.) եւ մի շարք այլ ֆիլմերից, ինչպես նաեւ «Հանուն սիրո», «Մեր գյուղը» սերիալներից հայտնի դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, որին շատերը մինչեւ օրս էլ կոչում են «Նահապետ»-ում կերտած իր հերոսուհու` Նուբարի անունով, անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ»-ի հետ: Նա այժմ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ իր պարտքն է համարում ուսանողներին փոխանցել այն ժառանգությունը, որն ինքը ստացել է մեր մեծերից:

12369148_960377047376695_5991364007834811094_n

-Տիկի՛ն Սոֆիկ, ինչո՞ւ վերջին շրջանում Ձեզ նոր ֆիլմերում, սերիալներում չենք տեսնում:

-Այս տարի հասցրեցի նկարահանվել միայն մի տեսահոլովակում ու վերջ: Բայց նույնիսկ այդ աշխատանքին մեծագույն պատասխանատվությամբ եմ մոտեցել, կարծում եմ` լավ է ստացվել: Մի քանի առաջարկներ եմ ստացել, որոնք մերժել եմ, օրինակ` «Բախտաբեր» սերիալից ինձ կանչեցին, ես չընդունեցի հրավերը, եւ, կարծում եմ, ճիշտ արեցի, քանի որ կապել ինձ սերիալի հետ այլեւս չեմ ուզում:

-Դուք աշխատել եք ռեժիսորներ Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ալբերտ Յավուրյանի եւ այլ մեծերի հետ: Հիմա երիտասարդ մասնագետների հետ ընդհանուր հայտարարի գալի՞ս եք:

-Ես ինչ էլ անելու լինեմ, ոչ միայն երախտապարտ, այլեւ հաշվետու եմ Մալյանին: Նա «տեղյակ է»` ես ինչ եմ անում, ինչպես եմ անում: Նրա բացակայությունը, որպես այդպիսին, ինձ համար գոյություն չունի: Ներկայիս ռեժիսորների, օպերատորների հետ աշխատելիս երբեմն մի քիչ կոպիտ եմ խոսում, բայց բացատրում եմ, որ ինձ համար դժվար է այդ մեծերից հետո… Այդ պահին դիտողություն եմ անում, իրենք հասկանում են, կարող է` նկարահանումից հետո մոտենան, ասեն՝ տիկի՛ն Սոֆիկ, կներեք:

Չափանիշներ կան, որոնք մենք տեսել ենք, ու դրանից հետո աշխատելն ավելի է դժվարացել: Ես աշխատում եմ երիտասարդներին, իմ ուսանողներին ծանոթացնել իմ ունեցած օրինակների հետ:

-Չե՞ք կարծում, որ մեր կինոյի, թատրոնի հսկաների դրած նշաձողը բավական բարձր է, ուստի նրանց հաջորդած սերնդի ներկայացուցիչների համար դժվար է դրան հասնելը, ուր մնաց անցնելը:

-Գիտեք՝ երիտասարդ սերունդը մեղավոր չէ. նա հայտնվեց բոլորովին ուրիշ ժամանակաշրջանում, երբ առկա են պատերազմի վտանգ, սոցիալական խնդիրներ: Իսկ այդ մեծերը ստեղծագործում էին այլ պայմաններում, մի ժամանակահատվածում, երբ առանձնապես մտածելու բան չկար, նրանք ուրախ են ապրել, եւ եթե այն ժամանակ ավտոբուսներով մարզերի ժողովրդին բերում էին թատրոն, դահլիճում ազատ տեղ չէր մնում, ապա հիմա ստեղծագործողի համար թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես անի` դահլիճը լցնի: Բայց, փառք Աստծո, մենք ունենք, օրինակ, Սամվել Սարգսյան, Միքայել Պողոսյան, Խորեն Լեւոնյան, Լուիզա Ղամբարյանը, որը, ի դեպ, աստիճանաբար ավելի հետաքրքիր է աշխատում ե՛ւ թատրոնում, ե՛ւ էկրանին:

-Դուք կնոջ զարմանալի տեսակ եք, որին մարդիկ երբեք չեն տեսել պճնված, զարդարված, շքեղ հագուստով կամ անգամ չնչին դիմահարդարմամբ: Արդյո՞ք դերասանուհին կարող է իրեն նման բան թույլ տալ:

-Ես այդ առումով եզակի տեսակ եմ: Իմ տարիքայինների մեջ միակն եմ, որ արտաքինի հետ կապված ոչ մի փոփոխության չի դիմել: Ինձ համար բնությունն առաջին տեղում է, եւ շատ ավելի հետաքրքիր է դերասանի ներքինը: Եթե թատրոնում կարող ես արտաքինիդ մեծ ուշադրություն դարձնել, ապա կինոյում, եթե մի փոքր էլ չափն անցար, դա չի ընդունվի: Շատերն ասում են, թե ինչու մազերս չեմ ներկում. ես էլ այս տեսակն եմ, որոշել եմ մնալ այնպիսին, ինչպիսին ինձ ստեղծել է բնությունը, հլը «չներկվեմ», տեսնեմ` հնարավո՞ր է այդպես դերասանուհի լինել (ծիծաղում է):

12366315_960377054043361_5125366936796509071_n

-Մի անսովոր սովորություն էլ ունեք. բջջային հեռախոս չեք պահում…

-Այո՛, համակարգչից էլ ոչինչ չեմ հասկանում. այդպես այնքա՜ն հանգիստ ու երջանիկ եմ, բոլորը նախանձում են ինձ (ծիծաղում է): Ես ո՛չ սուրճ եմ խմում, ո՛չ ծխում եմ, ո՛չ հեռախոս եմ պահում. աշխատում եմ որեւէ բանից կախվածություն չունենալ: Միակ կախվածությունը, որ ունեմ, թատրոնից է: Առհասարակ, իմ «թուլությունները» հոգեւոր բնույթի են, օրինակ` Մայա Պլիսեցկայան. նա աշխարհի 8-րդ հրաշալիքն էր ինձ համար, մեծագույն պարուհի, որի կողքին երկրորդ մեկին չեմ տեսնում:

Նրա նկատմամբ իմ սերը մանկուց է գալիս: Ես փոքր եմ եղել, երբ մայրս տարել է ինձ օպերա, այդ ժամանակ Պլիսեցկայան եկել էր Երեւան, պարզվում է` ես տեսել եմ նրա դերապարը «Բախչիսարայի շատրվանում»: Այդ օրվանից բեմը, թատրոնը ինձ համար դարձել է պաշտելի մի բան, ես ապրել եմ արվեստի պարգեւած «հոգեւոր ցնցումը»:

Առաջին ցնցումը ունեցել եմ հենց Պլիսեցկայայից, հետո նման մի ցնցում ապրել եմ Հրանտ Մաթեւոսյանի գրականությունից. ուսանող էի, այնպես էի տպավորվել, որ իրերս հավաքել, տանից գնացել էի, մի քանի օր ընկերուհուս մոտ ապրեցի: Հաջորդ ցնցումները ապրել եմ Մարկեսի գրականությունից, Տարկովսկու ֆիլմերից, Ազնավուրի երգերից. հավերժ նրա գերին եմ: Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ գերագույն բան է, երբ արվեստը կարող է ցնցել…

-Դուք ասացիք, որ Ձեր միակ կախվածությունը թատրոնից է, բայց, որքանով տեղյակ ենք, թատրոնում չեք խաղում…

-Ցավոք սրտի, ես հիմա բեմում չկամ, ու ոնց որ իմ մի թեւը չլինի, կեսս չլինի: Բայց ի՞նչ անեմ, այդպես ստացվեց: Թատրոնում մնալու համար էլ երեւի հատուկ բնավորություն է պետք, դժվար է… Ես չգիտեմ` որտեղ կարող եմ լրացնել այդ բացը: Միակ թատրոնը, որտեղ կարող էի լինել, Հ. Մալյանի անվան թատրոնն է, այն էլ, ցավոք, արդեն մեծացել եմ… Բայց բեմում լինելու ցանկությունս մեծ է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս