Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում` հանրապետականները կարող են «խփել» անգամ 64 տոկոս. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել հանրաքվեի վերջնական արդյունքները, այդուամենայնիվ, արդեն իսկ Աժ կուլիսներում խոսակցությունների գլխավոր թեման առաջիկա նոր քաղաքական փուլի մեկնարկն է եւ այդ ընթացքում քաղաքական ուժերի դիրքավորման հարցը, նկատենք, որ դա գրեթե ուղղակիորեն հայտարարում են նաեւ ոչ-ի ճամբարի ուժերը, որոնց մի մասն, ի դեպ, շատերի գնահատմամբ, առաջիկա` 2017թ. ընտրական փուլի մեկնարկը տվել էր դեռ մինչ հանրաքվեն:

Եվ, ահա, այս իրավիճակում շատ հետաքրքիր է, թե ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ հանրաքվեի ընթացքում այո-ի դիրքերից հանդես եկած որոշ ուժերի մոտ, որոնց քաղաքական սպասելիքները կարող են չիրականանալ ինչպես կարճ առաջիկայում կոալիցիա մտնելու, այնպես էլ 2017թ-ին` Ազգային ժողովում իրենց ակնկալած տեղն ու ազդեցությունն ունենալու առումով:

Նկատենք, որ նման հեռանկարը միանգամայն իրատեսական է ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի դեպքում: Հատկապես վերջինիս հետ կապված` եթե մինչ հանրաքվեն հնչում էին տեսակետներ, թե միանգամայն հնարավոր է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմավորումը, ապա այսօր արդեն կողմերը խոսում են նման զարգացումների ժամանակավրեպության մասին: Դժվար է ասել, թե որքանով են նրանք անկեղծ այդ պնդումներում, ամեն դեպքում ՀՅԴ-ն ի սկզբանե իր համար թողել է մանեւրելու բավականին մեծ հնարավարություն` հայտարարելով, թե համատարած ընտրակեղծիքների դեպքում պատրաստ է դուրս գալ փողոց` ոչ-ի ուժերի հետ պայքարելու:

Եվ եթե հանրաքվեից անմիջապես հետո դաշնակցականները հայտարարում էին, թե ամեն ինչ անցել է հարթ ու արդար, ապա նախօրեին արդեն ՀՅԴ շարքերից հայտարարություններ էին հնչում, թե ՀՀԿ-ի իրականացրած ընտրակեղծիքների «կեղտը քսվել է նաեւ իրենց»: Ընդ որում, նկատենք, որ ինչքան բարձր եւ ինչքան շատ ոչ-ի ուժերն ու միջնորդները բողոքեն հանրաքվեի կեղծված լինելու մասին, այդքան ՀՅԴ-ն ավելի թանկ կկարողանա «վաճառել» իր լոյալությունն այս իշխանություններին: Իսկ եթե, այնուամենայնիվ, դա չգնահատվի, դաշնակցականները կարող են սեփական իմիջը փրկելու փորձ անել` դնելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների ստորագրությունը` Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնելիք դիմումի տակ:

Կգնա ՀԱԿ-ը դրան, թե ոչ, դա էլ առայժմ հստակ չէ, բայց դա հաստատապես բխում է ոչ միայն Դաշնակցության, այլեւ ԱԺ-ում այս նախագծին այո ասած մյուս ուժերի շահերից եւս: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանց բոլորին խոստացվել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների դեպքում, երբ ՀՀԿ-ն չի ունենա 41 մեծամասնական տեղերի «բոնուսը», իրենք հաստատապես ներկայացված կլինեն, քանի որ մինչ օրս չի եղել դեպք, երբ ՀՀ-ում որեւէ կուսակցություն իր համամասնական ցուցակով հավաքի 35 տոկոսից ավել: Մինչդեռ այս հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում հանրապետականները կարող են «խփել» անգամ 64 տոկոս:




Լրահոս