Սահմանադրական հանրաքվեի եւ հետընտրական թոհուբոհի մեջ կարծես թե ժամանակավորապես մոռացության մատնվեց Երեւանում վնասազերծված զինված հանցախմբի թեման: Նկատենք, որ նոյեմբերի 25-ին՝ հանցախմբի վնասազերծումից հետո, լրատվական եւ փորձագիտական դաշտը հեղեղվեց տարաբնույթ մեկնաբանություններով, որոնք, սակայն, այդպես էլ մինչ օրս մնում են օդում կախված: Վնասազերծմանը հաջորդած 2 օրերին տրված պաշտոնական պարզաբանումներից հետո տեւական ժամանակ է, ինչ ԱԱԾ-ն եւ պատկան այլ կառույցներն այս հարցի վերաբերյալ հանրությանը որեւէ նոր տեղեկատվություն չեն ներկայացնում:
Մինչդեռ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի իր հայտնի հեռուստահարցազրույցի ընթացքում, անդրադառնալով այս հարցի շուրջ շրջանառվող տարատեսակ խոսակցություններին, վրդովվել էր` ասելով. «Այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր …»: Նկատենք, որ հանցախմբի վնասազերծումից արդեն իսկ անցել է ոչ մեկ, ոչ էլ երկու շաբաթ, այլ ամբողջ 17 օր, եւ համապատասխան կառույցները թերեւս արդեն կարող էին որոշակի տեղեկատվություն ներկայացնել հանրությանը` գոնե ցրելու համար այն կասկածները, որ այս հանցախմբի վնասազերծման ողջ օպերացիան ինչ-ինչ նպատակներով իրականացված նախընտրական բեմականացում էր:
Իհարկե, այս օրերի ընթացքում շրջանառվող նմանատիպ վարկածներից մեկը կարծես թե չհաստատվեց. խոսքը այդ հանցախմբի եւ Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդության պայքար իրականացնող ուժերի միջեւ առկա կապի մասին է, որը մատնանշելով` կանխատեսվում էին լուրջ ռեպրեսիաներ դեկտեմբերի 1-ից մեկնարկող այս գործընթացի առիթով:
Այնուամենայնիվ, նման բացարձակ տեղեկատվական վակուումը շարունակում է տեղիք տալ տարատեսակ խոսակցություններին, եւ եթե Սերժ Սարգսանը իրապես ցանկանում է, որ հանրությունը շնորհակալություն հայտնի իրավապահներին` «այդ աղետը կանխելու համար», կարծում ենք՝ արդեն ժամանակն է, որ հանրությանը այդ «աղետի» վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ներկայացվի: Ի վերջո, որեւէ երկրում նման աղմկահարույց վնասազերծմանը, այն էլ` պետական կառույցների դեմ պատրաստվող հարձակումների մասին պաշտոնապես հայտարարված տեղեկատվության դեպքում, կարճ ժամանակ անց հետեւում են կոնկրետ գործողություններ, որոնց մասին հանրությունը անմիջապես իրազեկվում է: Հիշենք թեկուզ Փարիզում ամիսներ առաջ Շառլի Էբդոի խմբագրության վրա կատարված հարձակմանը հաջորդած դեպքերը: Իսկ եթե մեր փառապանծ ԱԱԾ-ն համարում է, որ այս գործն այնքան լուրջ է, որ առայժմ չի կարելի դրա մասին որեւէ տեղեկատվություն հրապարակել, ապա ճիշտ կաներ առհասարակ ողջ վնասազերծումն իրականացներ առանց այդ ամբողջ «թամաշայի»: