«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին քննարկումների, հանդիպումների ու ելքեր գտնելու փուլում է: Բանն այն է, որ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից պատվիրակության ղեկավարությանը հանձնարարական է տրվել մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն անել ամեն ինչ, որպեսզի օրակարգում ընդգրկված երկու հակահայկան զեկույցները չեղարկվեն: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ առանձին-առանձին զրուցում է պատվիրակության անդամների հետ, նրանց հանձնարարություններ տալիս, որպեսզի ԵԽԽՎ բոլոր պատգամավորների հետ զրուցեն, հատկապես, եթե ինչ-որ հանձնաժողովի նիստ է: Հանձնարարվել է եվրոպայում գտնվելու ցանկացած առիթ օգտագործել՝ ԵԽԽՎ պատգամավորներին համոզելու համար:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հայկական պատվիրակությանը բազմաթիվ դժվարություններ եւ տհաճ անակնկալներ են սպասվում: Բացի Ռոբերտ Վոլթերի հայտնի զեկույցից՝ հունվարյան նստաշրջանի օրակարգում է նաեւ Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի հարցով զեկույցը: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում:
Արցախի կողմից մերժված ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, որի գործունեության ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում էր, հասավ իր նպատակին եւ հակահայկական զեկույցն անցկացրեց հանձնաժողովում: Այժմ էլ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներն են հանդես եկել նախաձեռնությամբ` կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ: Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի հետ` պարզելու համար, թե ինչ է այս օրերին անում պատվիրակությունը երկու հակահայկական զեկույցները չեղարկելու ուղղությամբ:
-Տիկի՛ն Կարապետյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը հունվարյան նստաշրջանում բարդ օրեր են սպասվում, քանի որ օրակարգում երկու հակահայկական զեկույց է ընդգրկված: Ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակում, ինչպե՞ս եք պատրաստվում հակազդել այս հակահայկական գործընթացին:
-Մեր պատվիրակության բոլոր անդամների կողմից այս ժամանակահատվածում իրականացվում են աշխատանքներ: Մենք փորձում ենք անվանական եւ անձնապես զրուցել մեր բոլոր ընկեր եւ ոչ ընկեր պատվիրակների, ամեն դեպքում ոչ բացահայտ կողմնորոշված ադրբեջանամետ պատգամավորների հետ՝ բացատրելով, թե ինչ վտանգ կարող են բերել այդ զեկույցները Եվրոպայի խորհրդի հեղինակությանը:
Թե ինչքանով մեզ կհաջողվի եվրոպացիների գիտակցությանը հասցնել այն, որ զեկույցները ոչ միայն հակահայկական են, այլեւ փոխում են եվրոպական մի շարք արժեքներ, ինչը որդեգրել է խորհրդարանական վեհաժողովը, դա արդեն պարզ կլինի քվեարկությամբ: Մենք այս ժամանակահատվածում փորձում ենք մոբիլիզացնել մեր ուժերը եւ անել հնարավորը ու շատ ժամանակ նաեւ՝ անհնարը:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ պատվիրակության յուրաքանչյուր անդամի հանձնարարվել է ամեն մի միջոռացման ընթացքում զրուցել եվրոպացի պատգամավորների հետ, անհատական հանդիպումներ ունենալ նրանց հետ, որպեսզի հունվարյան նստաշրջանում կրկին հայկական պատվիրակությունը չխայտառակվի: Արդյո՞ք կհաջողվի այդպիսով արդյունք ունենալ:
-Անկախ հանձնարարականից` ես ուզում եմ ասել, որ դա եղել է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես հիմա այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ, հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվել, որովհետեւ ժամանակն այդքան էլ շատ չէ, որպեսզի պատրաստվենք կոնկրետ լիագումար նիստին: Նայած կոնկրետ պատգամավորի, կամ նայած երկրի` կան պատգամավորներ, որ հնարավոր է լինում շփվել նամակներով, կան պատգամավորներ, ում հետ ավելի մտերիմ հարաբերություններ են, շփվում ենք հեռախոսով, սկայպով, վայբերով, այսինքն՝ օգտագործում ենք բոլոր միջոցները:
Եթե մինչեւ հունվար լինեն միջոցառումներ, եթե ներկա կլինեն մեր գործընկերները, պարտադիր նաեւ ներկա կգտնվենք ու արդեն անձնական զրույցներով կփորձենք հասցնել մեր ասելիքը: Այդ ընթացքում մենք փորձում ենք հավաքել նաեւ փաստեր: Միայն ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարելով մեծագույն հիմք՝ կոչ ենք անելու այլ հարթակ չտեղափոխել մի հիմնախնդիր, որի մանդատը տրվել է Մինսկի խմբի համանախագահներին:
-Գաղտնիք չէ, որ նույն ջանասիրությամբ պատրաստվում է նաեւ Ադրբեջանը, որպեսզի կարողանա ԵԽԽՎ լիագումար նիստում վերջնական «հաղթանակ» տոնել: Ո՞րն է լինելու Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հաղթաթուղթը:
-Ես լինելով ծայրահեղ օպտիմիստ մարդ՝ կարծում եմ, որ մեզ հաջողվելու է արդյունքի հասնել, պետք է նաեւ հասկանալ, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը չի նստելու ու սպասելու հունվարյան նստաշրջանին, ինչ խոսք՝ հակաքայլեր նույնպես արվում են: Բայց մենք էլ հստակ ունենք մեր անելիքները, որոնք անում ենք:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը