
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս տարի գյուղում շատ քիչ աշնանացան է կատարվել: Գյուղացիները չեն ուզում ֆինանսական ծախսեր կատարել, վար ու ցան անել, որովհետեւ վստահություն չկա, որ հաջորդ տարվա ամռանը կկարողանան հնձել սահմանագոտում գտնվող արտերը: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ այս տարվա հուլիսին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Կոթիում առանց հնձելու է մնացել 27.5 հեկտար ցորենի արտ:
ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվել է ադրբեջանական գնդակոծության եւ հրետակոծության հետեւանքով Կոթիի բնակիչների կրած նյութական վնասը: Սակայն չհնձված 27.5 հա արտի դիմաց գյուղացիներին դեռեւս փոխհատուցման գումարներ չեն վճարվել: Այդ պատճառով էլ կոթեցիները, որոնք սոցիալապես վատ վիճակում են գտնվում, չեն ցանկացել աշնանացան կատարել եւ հաջորդ տարի ձեռնունայն մնալ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ