«ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՔԱՂԱՔԻ» ՎԱԽԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ի երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն այցելել էին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաք: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարությունն էլեկտրոնային փոստով ուղարկված նամակով դիմել էր Իջեւանի քաղաքապետարան, որպեսզի իջեւանցիների հետ հանդիպման համար տրամադրվի քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճը: Սակայն Իջեւանի քաղաքապետարանը պատասխանել էր, որ այդ դահլիճում նշված ժամին մշակութային միջոցառում կա: Իջեւանցիների հետ հանդիպումը կայացավ քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Շանթ» սրճարանում: Հանդիպմանը մասնակցում էր մոտ 40 իջեւանցի: Ր. Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում Իջեւանը «հաղթանակած քաղաք է»: «Ժառանգության» Իջեւանի տարածաշրջանի պատասխանատու Մարիետա Սահակյանն էլ հանդիպման ժամանակ նշեց, որ փետրվարի 18-ին Իջեւան քաղաքում Ր. Հովհաննիսյանը 2500 ձայն ավելի է ստացել, քան Սերժ Սարգսյանը: Նաեւ նշեց, որ Իջեւանում մարդիկ վերցրել են ընտրակաշառքները, սակայն քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին: «Ժառանգության» Իջեւանի պատասխանատուն շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին, որ չեն վախեցել եւ ներկայացել են այդ հանդիպմանը:




Լրահոս