ՀԱԿ-ի դիմումն արդյո՞ւնք է տալու. այսօր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն իրականում Հանրապետականի կամակատարներն են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` ՀԱԿ-ը, ինչպես որ հայտարարել էր դեռ նախորդ շաբաթ, պատրաստվում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում: Այն, որ ՀԱԿ-ի այս քայլը որեւէ փոփոխության չի հանգեցնելու, թերեւս քչերն են կասկածում` աչքի առաջ ունենալով ՀՀ-ում նախորդ բոլոր համապետական ընտրություններից հետո ՍԴ-ում դրանց արդյունքների վիճարկման արդյունքները:

Այստեղ խնդիրն այն է՝ արդյոք ՀԱԿ-ն առհասարակ կկարողանա հավաքել դեռեւս գործող Սահմանադրությամբ պահանջվող ԱԺ 27 պատգամավորների ստորագրությունը` ՍԴ դիմելու համար: Ներկայումս ՀԱԿ խմբակցությունն ինքը, ինչպես հայտնի է, պառակտված է, եւ այսօր ՀԱԿ-ի քաղաքական գծի կողմնակից ընդամենը 4 պատգամավոր կա: Ավելի տխուր է վիճակը «Ժառանգություն» խմբակցությունում, որի դեպքում միանգամայն ակտուալ է «անունը կա, ամանումը՝ ոչ» ասացվածքը, քանզի այստեղ միայն Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունը:

Դժվար թե ՍԴ դիմելու մասին հայտարարելուց առաջ Լեւոն Զուրաբյանն ու նրա սակավաթիվ կողմնակիցներն այս մասին մտածած չլինեին: Ուրեմն ինչ նպատակ է հետապնդում նրանց այս որոշումը: Առաջին հերթին` նախ ամրագրումը, որ իրենք օգտագործեցին ՀՀ օրենսդրությամբ տրվող բոլոր իրավական ընթացակարգերը` այս հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու համար: Ապա` եւս մեկ անգամ հանրությանն ապացուցելը, որ այսօր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն իրականում Հանրապետականի կամակատարներն են:

ՀԱԿ-ի այս դիմումն ի ցույց կդնի, թե ինչ արժի, օրինակ, դաշնակցականների խոսքը. ՀՅԴ-ն բազմիցս է հայտարարել, որ այս հանրաքվեում իրենց համար կարեւոր է ոչ միայն բուն արդյունքը` ինչը, այլեւ այն ձեռք բերելու վստահելի եղանակը` ինչպես-ը, եւ հիմա, երբ փորձ է արվում վիճարկել այդ ինչպես-ը, ՀՅԴ-ի լռությունն ի ցույց կդնի վերջինիս հայտարարությունների սնանկությունը:

Հաջորդ հստակեցումը, որ կլինի այս գործընթացի արդյունքում, վերաբերում է ոչ-ի դիրքերից հանդես եկող, սակայն այդպես էլ հանրաքվեի արդյունքների բողոքարկման վերաբերյալ որեւէ դիմում չներկայացրած ՕԵԿ-ին: Կախված այն բանից` արդյոք ՕԵԿ-ը կմիանա ՀԱԿ-ի դիմումին, պարզ կդառնա, թե որքանով է այս ուժն ունակ ինքնուրույն որոշում կայացնելու:

Սակայն եթե նույնիսկ ՀԱԿ-ի դիմումի տակ ստորագրեն թե՛ ՀՅԴ, թե՛ ՕԵԿ խմբակցությունները, ինչպես նաեւ ՀԱԿ-ի բոլոր ոչ քվեարկած պատգամավորները, ավելացրած Զ. Փոստանջյանին եւ 3 անկախ պատգամավորներին` Մարուքյանին, Քոքոբելյանին, Ուրիխանյանին, միեւնույն է՝ ստացվում է ընդամենը 19 պատգամավոր: Եվ ահա այստեղ է, որ ՀՀԿ-ականները կարող են ցույց տալ, թե որքան ավելի լավն է նոր Սահմանադրությունը, որի 169 հոդվածի 3 կետի համաձայն` համանման իրավիճակում բավական կլինի ընդամենը մեկ խմբակցության անդամների դիմումը:




Լրահոս