ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՕՐԵՆՔ ՉԵՆ ԽԱԽՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի օրը «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի լրագրողների կողմից իրականացված լրագրողական հետաքննությունը տարաբնույթ մտահոգությունների առիթ է դարձել: Տեսակետ կա, թե լրագրողները այդ քայլին գնալով` օրենք են խախտել, եւ հնարավոր է` ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը շուռ գա լրագրողների դեմ:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն էր իրականացրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ID քարտերի նկատմամբ ուշադրություն կա, թե՞ այն ընտրակեղծիքների ու կրկնակի քվեարկության հնարավորություն է ընդամենը: Եւ պարզվեց, որ հեշտությամբ հնարավոր է ուրիշի նույնականացման քարտով քվեարկություն կատարել:
-Հարգելի՛ պարոն Զոհրաբյան, խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք հետաքննությունն իրականացրած լրագրողի նկատմամբ քրեական գործի հարուցելու առիթ կարող է լինել:
-Իմ կարծիքով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի կողմից կատարված արարքը, որը դրսեւորվել է այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի միջոցով, չի կարող համարվել հանցագործություն։ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
-Դուք նշեցիք, որ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում է հնարավոր պատիժ սահմանել: Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ լրագրողը չի քվեարկել, քվեաթերթիկը քվեատուփի մեջ չի գցել: Սա որեւէ կերպ կանդրադառնա՞ հետագա ընթացքի վրա:
-Այո՛, այս հանցագործությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ անձը մեկ այլ անձի փոխարեն քվեարկի։
ՀՀ ընտրական օրենսգրքի 65-րդ եւ 66-րդ հոդվածներից հետեւում է, որ քվեարկությունն անցնում է քվեաթերթիկ ստանալու, քվեաթերթիկը լրացնելու եւ քվեաթերթիկը համապատասխան արկղում տեղադրելու փուլերով։ Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը միայն մեկ փուլն է անցել եւ երկրորդ ու երրորդ փուլին՝ քվեաթերթիկի վրա այո կամ ոչ նշում անելուն ու քվեատուփի մեջ տեղադրելուն չի հասել իր կամքով։ Հետեւաբար, չի կարելի պնդել, որ լրագրողը քվեարկել է։
-Այսպիսով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցակազմի բացակայություն կա լրագրողի արարքում:
-ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
Հանցակազմի չորս հատկանիշներից մեկը դա սուբյեկտիվ կողմն է։ Տվյալ դեպքում, հանցագործություն համարելու համար պետք է հաստատվի, որ լրագրողը գործել է ուղղակի դիտավորությամբ եւ ցանկացել է քվեարկել այլ անձի փոխարեն՝ քվեարկության պայմանական երեք փուլերն անցնելու միջոցով։
-Իսկ որպես հանցափորձ կարելի՞ է որակել:
-Լրագրողի արարքը չի կարող տեղավորվել նաեւ հանցափորձի կամ հանցագործության նախապատրաստության մեջ, քանի որ երկու դեպքում էլ անձը կամովին չի հասցրել արարքը իր ավարտին (ընդ որում, նախապատրաստության համար անհրաժեշտ է, որ հանցագործությունը լինի ծանր կամ առանձնապես ծանր)։
Ամփոփելով վերը հիշատակվածը՝ գտնում եմ, որ լրագրողի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը, հետեւաբար արարքը հանցագործություն չի կարող համարվել։

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 21-ին գրել էր, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչությունը զբաղվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ ներկայացված բողոքով: Բանն այն է, որ քաղաքապետի բարեկամներից մեկը դիմել էր Լոռու մարզի դատախազություն եւ հայտնել, որ քաղաքապետի հարազատները սպառնացել են իրեն: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ քաղաքապետի դեմ բողոքի հիման վրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Վանաձոր քաղաքի բնակիչ Վիկտոր Դարբինյանը, դիմում-բողոք էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` հայտնելով, որ Վանաձորի քաղաքապետի մտերիմ շրջապատը սպառնում է իրեն «խլել» իր մի շարք բիզնեսները: Պարզվել էր, որ Վիկտոր Դարբինյանին է պատկանում Վանաձորի թիվ 1 երթուղին, որի վրա «աչք ունի» քաղաքապետը. «Գարնան ամիսներից սկսած ինձ կանչել են իրենց մոտ եւ ասել են, որ երթուղին հանձնեմ իրենց, սպառնացին, որ եթե չտամ, իրենք, մեկ է, իրենց ձեւով կվերցնեն»: Լոռու մարզի դատախազությունը քաղաքացու դիմումը ուղարկել էր մարզային ոստիկանության բաժին` ստուգման: Նկատենք, որ մինչ ոստիկանությունը ստուգում էր Վիկտոր Դարբինյանի դիմումը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը հայտնել էր, թե ինքը վախենալու բան չունի, քանի որ նման բան չի արել:
Սակայն ինչպես նկատում ենք՝ Վանաձորի քաղաքապետը վախենալու շատ բան ունի, քանի որ Լոռու մարզի դատախազության որոշմամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ դիմում-բողոքը որոշվել է ընթացք տալ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցել քրեական գործ: Ասել է թե՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխին «սեւ ամպեր են կուտակվում»:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատժելը առավել խորը արմատներ ունի, չի բացառվում, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրեական գործ հարուցելով՝ իշխանությունները որոշեցին պատժել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, քանի որ քաղաքապետը դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը չկարողացավ ապահովել այո-ի բարձր ցուցանիշ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը հայտնեց, թե տեղյակ չէ, որ իր դեմ ներկայացված դիմում-բողոքին իրավապահներն ընթացք են տվել. «Տեղյակ չեմ, հետո զանգահարեք, հիմա ես հիվանդանոցում եմ՝ ընկերոջս մոտ»:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունները որոշեցին պատժել իրեն նրա համար, որ ինքը հայտնել էր, թե Վանաձորում դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, չկարողացավ ապահովել այո-ի ցուցանիշը, քաղաքապետը պատասխանեց. «Ընտրությունները ես չեմ կազմակերպում, ժողովուրդը ինքն է գնում ընտրության: Ժողովուրդը ինքը ինչ ընտրում է, այն էլ ստանում ենք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՐՁՅԱԼ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Երեկ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել Կարո, Էդգար եւ Գեւորգ անուններով երիտասարդների, որոնք փորձում էին վրան տեղադրել հրապարակում: Միջադեպը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀԱԿ-ի եւ «Նոր Հայաստան»-ի հրավիրած համատեղ հանրահավաքի ժամանակ: Մի քանի րոպե տեւած քաշքշոցից հետո վրանն առգրավվել է, իսկ երիտասարդները` բերման ենթարկվել: Ավելի ուշ տեղեկացանք, որ բերման ենթարկված բոլոր երեք երիտասարդներն էլ ազատ են արձակվել:

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
Թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ-ի բողոք-դիմումով երեկ վերահաշվարկվել են 7/04 ընտրատեղամասի քվեաթերթիկները, ինչի արդյունքում այո-ի թիվն ավելացել է՝ 361-ից դառնալով 386: 7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Ալիկ Ավագյանը Aravot.am-ին ասել է, որ քվեարկության ավարտից հետո, երբ հանձնաժողովի նախագահը արկղը բացել է, հանձնաժողովի անդամները գունաթափվել են, քանի որ անընդհատ այո-ի քվեաթերթիկներ էին դուրս գալիս. «Ծրարը բացում էին ասում էին՝ այո, ներկա էին երկու դիտորդներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայից, իրենք իրենց մոտ նշումներ էին անում: Երբ որ բոլոր քվեաթերթիկները հանեցին, պարզ դարձավ դիտորդների նշած թվերով հստակ, որ 407 հատ ոչ եղել է, 30 հատն անվավեր եւ 187 հատ այո: Իրենք անգիր գիտեին, որ մոտ 2.5 անգամ պարտվում էին, դրա համար ստիպված գնացին ուրիշ քայլերի: Այսինքն՝ խառնաշփոթ ստեղծեցին, 200 հատ ոչ-ը գողացան եւ դրա փոխարեն նախօրոք պատրաստված նույն քանակությամբ մոտավորապես այո-ները բերեցին, լցրեցին եւ վերահաշվարկում արդյունքը տարբեր եղավ. այո-ն դուրս եկավ հաղթած»:

 

ԱՐԳԵԼՔՆ ԱՊՕՐԻՆԻ Է
ՀՀ ՄԻՊ գրասենյակն արձագանքել է «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի դիմումին` կապված Ազատության հրապարակում վրան տեղադրելու հետ: Օմբուդսմենի պատասխան գրության մեջ նշված է. «Թեեւ հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքի իրականացման պարտադիր նախապայման չէ, սակայն միեւնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափության հարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու, առողջության պահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորությունների համատեքստում, որից բխում է անձի կյանքի եւ առողջության համար առկա վտանգի պարագայում հավաքների ազատության իրավունքի ապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը:
Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո՛չ ՀՀ օրենսդրության պահանջներից եւ ո՛չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանի տեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին»:




Լրահոս