Ինչ բացատրություն ունի Գալուստ Սահակյանի ծաղրական պատասխանը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությանը, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքներ թույլ տված անձանց մասին տեղեկատվությունը կարող է օգտագործվել «Հայաստանում ԱՄՆ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս», երեկ հայտարարել է, թե իրենք սպառնալիքով սպառնալիքին չեն պատասխանում: Ասել է թե` քաջն Գալուստ Գրիգորիչը կարող է սպառնալ ԱՄՆ-ին, բայց «մեծահոգաբար» դա չի անում:  «Լռում ենք ոչ թե նրա համար, որ խոսք չունենք հակադարձելու, այլ պատշաճության համար:

Բնականաբար, մենք էլ ենք շահագրգիռ, որպեսզի եթե խախտումներ կան, ըստ արժանվույն, օրենքի շրջանակներում պատժվեն»,- հավելել է պատշաճության կողմնակից Գ. Սահակյանը, որի մոտ, սակայն, շատ հազվագյուտ է ստացվում իր մտքերը ձեւակերպել այնպես, որ չխախտվի քաղաքական, առավել եւս, ինչպես այս դեպքում, աշխարհաքաղաքական պատշաճությունը. «Գիտեք, ես չեմ ուզում կշռելի դարձնել այդ հայտարարությունը, որովհետեւ էստեղ էլ մի խնդիր կա, առանձնանալու խնդիր կա՝ ինչու՞ Ճապոնիայինը չէ, Չինաստանինը չէ:

Աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ ենք եւ յուրաքանչյուր հայտարարություն զգում ենք, թե որտեղից է գալիս եւ ինչի համար է գալիս»,- ասել է Աժ նախագահը, ով, փաստորեն, մինչ օրս չի տարբերակում, թե աշխարհում ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես ինչպիսի ազդեցություն եւ դերակատարություն ունեն ԱՄՆ-ն եւ Ճապոնիան:

«Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են՝ դա Հռոմի պապը չի, որպեսզի սրբության տեղ դնենք»,- եզրափակել է Գրիգորիչը` այդպիսով երկրորդելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, որով նա «անլուրջ» էր որակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի քննադատությունը Հայաստանում առկա կոռուպցիայի մասին: Ըստ մամուլի հրապարակումների` Բաղդասարյանի այդ հայտարարությունը լուրջ արձագանք էր ունեցել Պետդեպում, եւ ամերիկացիները ՀՀ իշխանություններին «հորդորել էին դաստիարակչական» աշխատանք տանել Բաղդասարյանի հետ, որպեսզի նա այսուհետ ավելի զգույշ լինի իր գնահատականներում: Դրանից հետո տարբեր ՀՀԿ-ականները փորձում էին սրբագրել Բաղդասարյանի ասածը` հանդես գալով ԱՄՆ տեսակետը կարեւորող հայտարարություններով:

Եվ եթե հիմա Գալուստ Սահակյանը ԱՄՆ դեսպանատան հայտարարության առիթով առավել ծաղրական եւ հեգնանքով լի մեկնաբանություն է անում, դա կարող է երկու բացատրություն ունենալ՝ կա՛մ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից եկող ինչ-ինչ հրահանգների արդյունքում այլեւս որոշել են գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման եւ սահմանադրական հանրաքվեն ընդամենը դրա համար պատրվակ է, կա՛մ Գ. Սահակյանին մոռացել են հրահանգել, որ նման լուրջ թեմաներով քիչ խոսի: Երկու դեպքում էլ, կարծում ենք, ԱՄՆ-ի բացասական արձագանքը չի ուշանա:




Լրահոս