Հասմիկ Պողոսյանը նաև ա՞յս սկանդալն է մարսելու. ինչ է սպասվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշակութային կյանքում հասունանում է հերթական սկանդալը, որն ի ցույց է դնում այն թշվառ եւ ամոթալի վիճակը, որն այսօր առկա է ՀՀ մշակութային վերնախավում: Մեր տեղեկություններով` օրեր առաջ մշակույթի նախարարությունում որոշում է կայացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին: Ասել է թե` Օպերայի հրապարակում մի փոքրիկ վրանի տեղադրումը թույլ չտվող եւ թատերական հրապարակը մշակութային նպատակներով ծառայեցնելու կոչեր անող Հասմիկ Պողոսյանը Օպերային թատրոնը հասցրել է մի վիճակի, որ այն այլեւս չունի գլխավոր դիրիժոր: Սա աննախադեպ մի իրավիճակ է, որին մշակութային գերատեսչության կենսաբան կառավարիչը հասել է իր անհասկանալի կադրային նշանակումների եւ մշակութային այդ կարեւոր կառույցում տարիներ ի վեր հյուսվող ինտրիգների եւ անառողջ միջավայրի խրախուսման արդյունքում:

Եվ փաստորեն Օպերային թատրոնը վերածվել է Հասմիկ Պողոսյանի եւ նրա «պրոտեժեների» սեփական բոստանի, որտեղ ինչ ուզում եւ ինչպես ուզում, անում են: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ որոշ շահագրգիռ կողմեր ցանկություն են հայտնել գլխավոր դիրիժորի պաշտոնում տեսնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան եւ նախկին մշակույթի նախարար Արմեն Սմբատյանի որդուն:

Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի կառավարման խորհրդի անդամ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին բազմիցս «բարիով» հորդորել են հեռացման դիմում ներկայացնել, սակայն նա, բնականաբար, չի համաձայնել: Իսկ նրան հեռացնել չէին կարող, քանի որ Կարեն Դուրգարյանը խորհրդի անդամ էր: Եվ արդյունքում` որոշել են խնդիրը լուծել՝ գլխավոր դիրիժորի հաստիքը ժամանակավորապես վերացնելով, ապա՝ Դուրգարյանից ազատվելուց հետո, այն կրտսեր Սմբատյանի համար վերականգնելով:
Արդյո՞ք կհաջողվի հայոց մշակութային դաշտը տարիներ ի վեր ամայացնող եւ անդեմ դեմպքերով համալրող Հասմիկ Պողոսյանին նաեւ այս սկանդալը մարսել եւ շարունակել իր պաշտոնավարումը, կարելի է չկասկածել: Ի վերջո, «Կաշեյ անմահի» նման հավերժ Հասմիկ Պողոսյանն իր նախարարական գործունեության իննը տարիների ընթացքում ավելի խայտառակ սկանդալների կիզակետում է եղել` սկսած հուշարձանների վերակառուցման համար հատկացված միլիոնավոր դրամների վատնումից, ավարտած չեղած բեմադրությունների յուրացված միջոցներով, սակայն մշտապես հաջողացրել է ջրից չոր դուրս գալ` իր բարձրաստիճան «ընկերուհիների»` առաջին տիկնանց շնորհիվ: Պարզապես, ինչպես ռուսներն են ասում,«за державу обидно»:




Լրահոս