Կուրսանտին առաջինը մահացած տեսած ծառայակիցը հանգամանքներ է ներկայացրել. ինքնասպանության վարկածը բացառում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ արդեն 4-րդ անգամ հետաձգվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատական նիստը:

Այսօր ևս, ինչպես նախորդ նիստերին, պաշտպանները չէին ներկայացել: Չէր ներկայացել նաև ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը՝ ծառայության մեջ գտնվելու պատճառով:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և ամբաստանյալ Մովսես Ազարյանի երկու պաշտպանները՝ Անահիտ Հովհաննիսյանը և Աստղիկ Ղազարյանը:

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ դատական նիստից ընդամենը րոպեներ առաջ հեռախոսազանգի միջոցով պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ, իսկ մյուս պաշտպանների մասին ընդհանրապես որևէ տեղեկություն դատարանը չէր ստացել:

Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Աստղիկ Ղազարյանը 2 դատական նիստին չի ներկայանում և նախագահող դատավորը հայտարարեց, որ ևս մեկ անգամ պաշտպանի՝ նիստին չներկայանալու դեպքում կքննարկվի նրան վարույթից հեռացնելու հարցը, իսկ մինչև այդ դիմելով ամբաստանյալին՝ նախագահողն ասաց, որ այլ պաշտպան ունենալու մասին մտածի:

Պաշտպանների բացակայությունն անբարեխիղճ համարվեց և հաջորդ նիստին կքննարկվի նաև նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:

Ի դեպ, նախորդ դատական նիստերից մեկում դատարանը տուժող կողմից դիմում էր ստացել, որում նշվում է, որ ամբաստանյալի հարազատների կողմից տուժողի հարազատների անվտանգությանը սպառնալիքներ է հնչել:

Այս դիմումի մասին դատարանը տեղեկացրել է ոստիկանությանը՝ պարզելու և հետագայում միջոցներ ձեռնարկելու նպատակով, սակայն այսօր տուժողի իրավահաջորդը դատարանում հայտնեց, որ այդ սպառնալիքը եղել է առաջին դատական նիստին, որից հետո նման բան չի կրկնվել:

Իսկ լրագրողների հետ առանձնազրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ով հենց տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, հայտնեց, որ ընթացք չի տալու սպառնալիքների գործին. հուսով է՝ կողմը հասկացել է իր սխալը:

Արկադի Բասեղյանը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում 6 կուրսանտ, ովքեր ներգրավված են որպես վկա, ցուցմունք են տվել այն մասին, որ ականատես են եղել, որ կուրսանտին դանակով հարվածողը եղել է մեղադրյալներից Գնել Թևոսյանը, որն այն ժամանակ ինստիտուտի պետի տեղակալի որդին էր. «Գնելի փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, թե ինքնասպանություն է եղել, բայց գլխավոր մարդասպանը Գնելն է: Նա ուզում է ծածկադմփոց անել գործը»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Վերջինս հավելեց, որ կուրսանտներից մեկը հայտնել է, որ երբ Հայկազին տեսել է մահացած ընկած, հասկացել է, որ կատարվածը միանշանակ սպանություն է:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանություն տեղի ունեցավ: Սկզբում վարկած շրջանառվեց, թե կուրսանտ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել, ապա բացահայտվեց սարսափ առաջացնող դաժան իրականությունը. նրան, ըստ նախաքննական մարմնի, սպանել էին համածառայակիցները:

Դեպքը ցնցել էր բոլորին: Ինչպես հայտնի է, Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել է այս տարվա հունվարի 29-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սկզբնական վարկածն ինքնասպանությունն էր: Կուրսանտի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին նման քայլի չէր կարող դիմել: Պարզվեց՝ նրանք չէին սխալվում: Կուրսանտը նախքան պարանին հայտնվելը մահացած է եղել: Հարազատները պնդում էին, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները, տեղափոխել նրան զորամասի մարզահրապարակ և կախել պտտաձողից: Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն:




Լրահոս