ՈՂՋԻ ԳԵՏԸ ՋՐԱԶՐԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Ողջի գետը գրեթե առանց ջրի է մնացել: Ըստ բնապահպան Լեւոն Գալստյանի՝ Ողջի գետը ջրազրկվել է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կատարվող ջրառի հետեւանքով:

Ողջի գետը գոյանում է Կապուտջուր, Քաջարանց գետերի միախառնումից եւ ԼՂՀ-ի տարածքում ձախից թափվում Արաքսի մեջ: Գետի երկարությունը կազմում է 82 կմ: Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Ողջի գետի վրա կառուցված են «Ողջի 2» եւ «Ողջի 3» ՓՀԷԿ-երը, որոնք շահագործում է «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն: ՀԷԿ-երից բացի՝ Ողջիի ջուրն օգտագործում է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը:
Ըստ բնապահպանների՝ Ողջի գետը գտնվում է հանքարդյունաբերության, ոռոգման եւ փոքր ՀԷԿ-երի ճնշման տակ: Բնապահպան Լեւոն Գալստյանի խոսքերով՝ նոյեմբերի 28-ին կատարած իր այցելության ժամանակ փոքր ՀԷԿ-երն աշխատել են ոչ ամբողջ հզորությամբ, իսկ «Ձագեձոր» փոքր ՀԷԿ-ը չի աշխատել ջրի սակավության պատճառով: Լ. Գալստյանի համոզմամբ՝ Ողջին ջրազրկված է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 2014 թվականին հրապարակված «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի «Ողջիի գետավազան. ճնշում-ազդեցություն վերլուծություն» փաստաթղթի համաձայն՝ տնտեսական գործունեության արդյունքում Ողջի գետի էկոլոգիական հոսքը նվազել է 180 անգամ: Իսկ մեծ ջրառի արդյունքում Ողջի գետի Քաջարան քաղաքի հատվածում օգոստոսից մինչեւ փետրվար չի պահպանվում էկոլոգիական հոսքը: Ըստ այդ փաստաթղթի՝ օգոստոսից փետրվար ամիսների համար գետի էկոլոգիական հոսքը հաշվարկվել է 0.18մ3 /վրկ, մինչդեռ հոսքը դիտվել է 0,001մ 3 /վրկ:
Ըստ բնապահպանի՝ գետում շատ քիչ քանակության ջուր է մնացել. «Քանի որ վերեւի հատվածում կատարվող ջրառների հետեւանքով Ողջիի ջուրը սպառվել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից գետից ջրառ է կատարվում: Իսկ Քաջարանի տարածքում գետում ընդհանրապես ջուր չկար, որովհետեւ կոմբինատը այն օգտագործում է հանքարդյունաբերական նպատակներով»:
Ըստ «Էկոլուր»-ի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է մոտակա ամիսներին ավելացնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի արդյունահանման ծավալները` հասցնելով տարեկան 22 միլիոն տոննայի: Դրա արդյունքում հարստացուցիչ ֆաբրիկայի եւ բացհանքի կարիքների համար օգտագործվելու են Ողջի, Գեղի եւ Սակքար գետերի ջրերը: Տարեկան ջրի պահանջը կազմելու է 68.82 միլիոն խմ: Այս պարագայում Ողջի գետը չի կարողանա ջրով ապահովել ոչ փոքր ՀԷԿ-երին, ոչ ոռոգման համակարգին: Իսկ էկոլոգիական թողքի եւ էկոհամակարգային հավասարակշռության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արծրունի Հարությունյանին, ով անդրադառնալով Ողջի գետի ջրազրկմանը՝ հանգիստ տոնով հայտարարեց. «Ընդհանրապես հետաքրքրվում ենք, թե ինչի համար է Ողջի գետի ջուրը պակասել եւ կեղտոտվել: Տեղյակ ենք: Բայց հաջորդ շաբաթվանից ավելի կոնկրետ ենք զբաղվելու այս հարցով, քանի որ մեր ղեկավարության մեծ մասը Երեւանում է: Մենք դեռ պետք է հրահանգ ստանանք»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կատարվող ջրառի հետեւանքո՞վ է Ողջի գետը հայտնվել նման վիճակում, մարզի բնապահպանական հարցերի պատասխանատուն ասաց. «Դե, գիտեք ինչ, մենք չենք կարող կոմբինատը կանգնեցնել, այն իր նորմաների չափով իր հասանելիք ջուրը շուրջ 70 տարի վերցնում է: Չենք կարող կոմբինատը կանգնեցնել, Ողջի գետը ջրով լցնել: Այսօր ջուրը պակաս է, այդպես է ստացվել, գարնան ամիսներին դա չի լինի: Եղանակն էլ է պատճառը, չէ որ ինչքան ժամանակ է՝ մի կաթիլ անձրեւ չկա: Հիմա աշնանացանն էլ է փչանում, ջուր որտեղի՞ց բերենք, լցնենք: Մեկը մյուսի հետ կապված բաներ են. բնապահպանական խնդիր է, մեկը տուժում է, մյուսը՝ շահում»:
Ըստ պաշտոնյայի՝ գետն ընդամենը մեկ ամիս է, ինչ ջրազրկված է. «Բնական պաշարներն էլ են քչացել, իսկ կոմբինատն էլ 1500-2000 աշխատող ունի, բերենք, ջրի՞ համար կանգնեցնենք, ինչքա՞ն է գեղեցիկ»,- տարակուսեց Հարությունյանը: Նկատենք, որ նման պատասխանն ինքնին խոսուն է եւ ապացուցում է բնապահպանների ասածները: Ուստի մեկնաբանություններն ավելորդ են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԱՍԱԴԻ ՀԵՏ ԵՆ ԿԱՊՈՒՄ
«Նավթի մեծ մասը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վաճառում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին»: Այս հայտարարությամբ նախօրեին Լոնդոնում հանդես է եկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալի հանձնակատար Ադամ Զուբինը: Վերջինիս խոսքով՝ իսլամիստները նավթի մեծ մասը վաճառում են Ասադի ռեժիմին, իսկ մի մասը տարհանվում է Թուրքիայի սահմանով: Զուբինը նաեւ նշել է, որ իր գոյության ընթացքում «Իսլամական պետություն»-ը Սիրիայում եւ Իրաքում բանկերի գողությունից եւ նավթի մաքսանենգությունից մինչեւ 1,5 միլիարդ դոլար է ստացել:
Ընդ որում, նշվում է, որ նավթային մաքսանենգությունից ստացված եկամուտները գերազանցել են 500 միլիոնը, իսկ բանկային միջոցների շորթումը հասել մինչեւ 1 միլիարդի: «Մենք ակնկալում ենք, որ թուրքերը կանեն ավելին մաքսանենգության դադարեցման համար: Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանների անվտանգության ամրապնդումը նոր դիվիդենտներ կբերի»,-նշել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի ներկայացուցիչը:

 

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով նոր նվազագույն ցուցանիշների: Դրանք շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 8%-ով ՕՊԵԿ-ի կողմից նոյեմբերին նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնի վրա, հայտնում է korrespondent.net-ը: Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է մինչեւ 3 9,38 դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) նվազել է 0,6%-ով՝ մինչեւ 36,52 դոլար՝ 1 բարելի դիմաց:

 

ԽՈՇՈՐ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի ոստիկանությունը մասշտաբային հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում Ստամբուլի 17 շրջաններում: Օպերացիայի ընթացքում կան բերման ենթարկվածներ, որոնց թվի եւ քաղաքացիության մասին չի հաղորդվում: Ավելի վաղ Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնել էին այն մասին, որ քաղաքի տարբեր շրջաններում կարող են ահաբեկչություններ իրականացվել:
Ստամբուլում վերջին խոշոր հակաահաբեկչական օպերացիան իրականացվել է նոյեմբերի 12-ին, որի արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 192 մարդու: Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը Թուրքիային նախազգուշացրել է երկրում ռուսների դեմ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին:




Լրահոս