Կարեն Դուրգարյանը մտածում է արտագաղթելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ օրեր առաջ մշակույթի նախարարությունում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում է կայացվել: Արդեն հայտնի է, որ փոփոխությունը տեղի է ունեցել գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով:

Մենք թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահագն Զաքարյանից հետաքրքրվեցինք` ինչ հիմքի վրա է կայացվել թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշումը եւ խնդրեցինք ներկայացնել կոնկրետ պատճառաբանություն: Բաժնից մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ կառուցվածքային փոփոխությունները միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը:

«Ժողովուրդ»-ը Վահագն Զաքարյանից փորձեց ճշտել` այսինքն` Կարեն Դուրգարյանը թերացե՞լ է իր գործում. «Գեղամ Գրիգորյանը կարծում է, որ ստեղծագործական մասով կան թերացումներ, ու հիմա ինքն առաջարկում է դրանք բարելավելու մեխանիզմներ եւ մոտեցումներ: Ըստ նրա` վերջին 5-6 տարիներին թատրոնում ստեղծագործական առումով չի կատարվել բավարար չափով աշխատանք, եւ կարծում է, որ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կա»,-պատասխանեց նա:

Նաեւ հարցրեցինք` գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու արդյունքում թարոնում ի՞նչ է փոխվում, թատրոնն ինչո՞վ է շահում, բացի այդ՝ հաստիքը վերացնելու որոշումը կայացնելու թեման քննարկվե՞լ է արդյոք որեւէ խորհրդում. թատրոնում հատուկ խորհուրդ կազմվե՞լ է, թե՞ ոչ (եթե այո, ովքեր են եղել խորհրդի կազմում): Վ. Զաքարյանը նշեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցերին եւ առաջարկեց զրուցել Գեղամ Գրիգորյանի հետ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ թատրոնի տարածած պաշտոնական պատասխանում ամեն բան ասված է: Մենք հակադարձեցինք` տեղեկացնելով, որ ունենք հավելյալ հարցեր, իսկ գեղարվեստական ղեկավարն ընտրեց ամենահեշտ ուղին. պարզապես կախեց հեռախոսը:

Այնինչ՝ մենք ունեինք եւս մի շարք «մութ հարցեր», որոնք կցանկանայինք ուղղել հենց Գեղամ Գրիգորյանին: Թատրոնից մեզ ուղղված պաշտոնական պատասխանում ասվում է. «Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար»:

Այս պարագայում հարց է ծագում` երբ Կարեն Դուրգարյանը 2001թ-ին դարձել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, տարիներ շարունակ աշխատել է Գեղամ Գրիգորյանի հետ (Գեղամ Գրիգորյանն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար է եղել շուրջ 9 տարի եւ աշխատանքից ազատվել է 2008-ին՝ իր դիմումի համաձայն: Դրանից հետո` մինչեւ 2015թ. նրա վերանշանակումը, թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել), ինչո՞ւ երբեւէ վերջինիս մտքով չի անցել կրճատել գլխավոր դիրիժորի հաստիքը, եւ միայն նոր է նրա մոտ հղացել այդ գաղափարը:

Հաջորդ «մութ հարցը». ինչո՞ւ գլխավոր դիրիժորի հաստիքի վերացման հարցը լուծվեց նման աննախադեպ հապճեպ կերպով: Տնօրինությունն ինչո՞ւ է այդքան շտապում:

Նախ` հաստիքը վերացնելու վերաբերյալ թատրոնի ուղարկած ծանուցագիրը Դուրգարյանը ստացել է ընդամենը օրեր առաջ: Այնինչ՝ «Աշխատանքային օրենսգրքի» 115-րդ հոդվածը սահմանում է. «Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը 1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը»:

Թատրոնից տեղեկացրեցին, որ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է: Այսինքն` նա ավտոմատ կերպով գործից ազատվել է, եւ թատրոնը պարտավորվում է նրան վճարել համապատասխան տուգանք. «Թատրոնի եւ Կարեն Դուրգարյանի միջեւ դադարեցվել է աշխատանքային պայմանագիրը: Համապատասխան օրենքի համաձայն՝ բոլոր հարցերն արդեն լուծված են: Աշխատավարձի եւ աշխատանքային այլ պայմանների վերաբերյալ տվյալներ տրամադրվում են միայն աշխատողի համաձայնությամբ: Ըստ աշխատանքային օրենսգրքի` մենք իրավունք չունենք հրապարակելու նման տվյալներ»,-տեղեկացրեց Վ. Զաքարյանը:

Թեեւ տուգանքի չափի մասին տվյալներ չեն հաղորդվում, ծագում է հաջորդ հարցը` արդյո՞ք թատրոնը, որը նոր նախագծեր իրականացնելու համար հովանավորներ է փնտրում, պատրաստ է վճարել այդ գումարը: Փաստորեն պատրաստ է:

Մենք մի շարք հարցեր ունենք նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանին: Օրինակ` հետաքրքիր է, եթե նույնիսկ Գեղամ Գրիգորյանը հանդես է եկել դիրիժորի հաստիքը վերացնելու առաջարկով, թատրոնի տնօրենը արդյո՞ք ուսումնասիրել է աշխարհի թատրոնների փորձը: Չէ՞ որ աշխարհի առաջատար թատրոններից եւ ոչ մեկում նման բան լինել չի կարող: Կարող է լինել հակառակը, որ թատրոնը չունենա գեղարվեստական ղեկավար, բայց ունենա գլխավոր դիրիժոր. այսինքն` գլխավոր դիրիժորը նաեւ գեղարվեստական ղեկավարն է: Սակայն այսպիսի նախադեպն, իսկապես, արտառոց է: Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել նաեւ Ա. Արզումանյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` առաջարկելով դիմել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուին:

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հարցումով դիմել էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարությանը` հասկանալու համար, թե ինչ մասնակցություն է ունեցել վերջինս վերոնշյալ որոշման գործում: Սակայն նախարարությունից խուսափեցին մեզ որեւէ պատասխան տալ: Փոխարենը նախարարությանը «օգնության հասան» թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` մեկնաբանելով, որ դա թատրոնի ներքին կանոնադրության խնդիրն է, նախարարությունը դրա հետ կապ չունի:

Փորձեցինք թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Դուրգարյանն արդեն մտածում է արտագաղթելու մասին: Դիրիժորը, ով բազմիցս մի շարք գայթակղիչ առաջարկներ է ստացել արտերկրից, հիմա մտածում է դրանք ընդունելու մասին: Ու բոլորովին զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց՝ Դուրգարյանին «լիկվիդացնելուց» հետո, Գ. Գրիգորյանը որոշի վերականգնել գլխավոր դիրիժորի հաստիքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս