Ինչ կարելի է ակնկալել Սարգսյան-Ալիև հանդիպումից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 18-ին, աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեիի հետ:

Ինչպես դեռ 1 ամիս առաջ Երեւանում հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո իր դիրքերն ամրացրած Ս. Սարգսյանը եւ ավելի վաղ` նոյեմբերի սկզբի խորհրդարանական ընտրությունների արդյունքով իր կլանի ազդեցությունն ընդլայնած Իլհամ Ալիեւը հանդիպելու են` բանակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Սակայն միջնորդների այդ հայտարարությունից հետո տարածաշրջանում լրջագույն իրադարձություններ են տեղի ունեցել. ռուս-թուրքական հարաբերություններն աննախադեպ լարման են հասել, ինչը, բնականաբար իր զգալի ազդեցությունն է ունենալու նաեւ առաջիկա հանդիպման օրակարգի վրա:

Ռուս-թուրքական հակամարտության արդյունքում արդեն իսկ որոշակի փոփոխությունների են ենթարկվել այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի շահերն ու մտադրությունները: Սակայն այս գործընթացը դեռեւս շատ նոր է, իսկ զարգացումն էլ՝ առայժմ անորոշ, որպեսզի կողմերը կարողանան առավել հստակ հեռանկար ձեւակերպել իրենց երկարաժամկետ շահերի առումով: Ուստի սպասել, որ Բեռնում կայանալիք հանդիպման ընթացքում կարող է լինել որոշակի առաջընաց կամ լուրջ քննարկում հենց բանակցային փաստաթղթի շուրջ, թերեւս իմաստ չունի:
Առավել հավանական է, որ կողմերը կփորձեն հստակեցնել ձեւավորվող այս նոր իրավիճակում իրենց դիրքավորումը եւ ըստ այդմ էլ առաջ տանել իրենց պահանջները: Նկատենք, որ այս իրավիճակում Ալիեւ-Սարգսյան հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, լինելու է ավելի շատ բանակցային գործընթաց հենց միջնորդների, քան Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ: Եվ առավելագույն արդյունքը, որ կարելի է ակնկալել, համատեղ ինչ-որ հայտարարությունն է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու հանձնառության մասին, որը որեւէ կերպ չի երաշխավորի դրա հենց հաջորդ իսկ օրը սահմանային լարվածության վերսկսման բացառումը:

Հիշեցնենք, որ Ալիեւ-Սարգսյան անցած հանդիպումը տեղի ունեցավ գրեթե մեկ տարի առաջ` Փարիզում, որից հետո հաջորդող իսկ օրերին Ադրբեջանը վերսկսեց սահմանային սադրանքները: Իսկ անցած տարեսկզբից նոր թափ հաղորդեց հիբրիդային պատերազմին, որն այս տարվա ընթացքում ունեցավ աննախադեպ դրսեւորումներ` ի դեմս ծանր հրետանու, հրթիռային կայանների գործադրման եւ օրերս էլ արդեն` տանկի կողմից հայկական դիրքերի արկակոծման: Ուստի առաջիկա հանդիպումից միակ դրական ակնկալիքը թերեւս հենց ինքնին հանդիպման կայացումն է, որը գոնե ֆորմալ առումով կենդանի է պահում 2011թ. կազանյան ձախողված հանդիպումից ի վեր կիսամեռ վիճակում գտնվող բանակցային գործընթացը:




Լրահոս