Արտառոց դեպք` Շիրակում. ամուսնու նոր ընտանիքի վրեժը կինը լուծել է մահացած հարազատներին «պատժելով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է 46-ամյա Սուսաննա Ս.-ն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (թաղման վայրն անարգանքի ենթարկելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ 700 հազար դրամի չափով:

Իսկ ում թաղման վայրն է անարգել այս կինը: Այսպես, ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ Սուսաննան վնասել է ամուսնու հարազատների շիրմաքարերն ու տապանաքարերը:

Ըստ մեղադրանքի` Սուսաննան 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի գերեզմանոցում դիտավորությամբ վնասել է ամուսնու մահացած 3 հարազատների գերեզմանների վրա եղած շիրմաքարերը և տապանաքարերը` պատճառելով 700 հազարդրամի նյութական վնաս: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է հակասական ցուցմունքներ:

Որպես կասկածյալ հարցաքննվելու ընթացքում կինը հայտնել է, որ սկսել է կասկածել, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ամուսինը կին և երեխա ունի, սակայն ամուսինը երդվել է եղբայրների և ծնողների շիրիմներով, ինչպես նաև` իր երեխաներով, որ այլ ընտանիք չունի, ինքն էլ հավատացել է ամուսնուն: Սակայն կինը գնացել է ՌԴ և այնտեղ տեղեկացել, որ իր ամուսինն իրոք կին և երեխա ունի. առանց ամուսնուն տեսակցելու` նա վերադարձել է Հայաստան, որից օրեր անց երեխաների հետ համացանցում տեսել է ամուսնու, վերջինիս սիրուհու և նրանց երեխայի լուսանկարը:

Սուսաննան իրեն նվաստացած է զգացել և հոգեկան ծանր ապրումեր ունեցել: Զանգահարել է ամուսնուն և պահանջել, որ համացանցից ջնջի լուսանկարը, սակայն ամուսինը հայհոյել է իրեն, հայտնել, որ թքած ունի իր վրա:

Այս հեռախոսազրույցից հետո կինը կորցրել է ինքնատիրապետումը, իրեն լքված է զգացել և նույն օրը ժամը 18-ի սահմաններում, տանից միայնակ դուրս գալով, քայլել է փողոցներով, հիշել է, թե ինչպես է ամուսինը երդվել հարազատների շիրիմներով, որ իբր այլ ընտանիք չունի և որոշել է ամուսնուն ցավ պատճառել՝ վնասելով նրա հարազատների շիրիմները: Նա նաև հայտնել է, որ զղջում և ափսոսում է կատարվածի համար:

Որպես մեղադրյալ հարցաքննության ընթացքում արդեն ընդհանրապես հերքել է, որ գերեզմանատուն է գնացել և անարգել ամուսնու հարազատների շիրմաքարերը: Նա հայտարարել է, թե իրեն որդին է հորդորել ընդունել մեղքը՝ սպառնալով հակառակ դեպքում ինքնասպան լինել:

Դատարանն ամբաստանյալի կողմից նման հակասական ցուցմունքներ տալը գնահատել է որպես օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակ:

Վերլուծելով ամբաստանյալի առաջադրված մեղադրանքը՝ դատարանի կողմից ամբողջությամբ հաստատվել է, որ ամբաստանյալի կողմից ամուսնու հարազատների շիրմաքարերը և տապանաքարերը վնասելն ապացուցված է:




Լրահոս