Սարգսյան-Ալիև հանդիպման և ՀԱՊԿ նստաշրջանում Սերժ Սարգսյանի վերջնագրային ելույթի կապը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում երեկ նիստը նահագահող Սերժ Սարգսյանը հանդես է եկել բավականին կոշտ ելույթվ` կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ուղղելով մի շարք սուր հարցադրումներ: Մասնավորապես զուգահեռներ տանելով Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցմանը «մեկը բոլորի եւ բոլորի մեկի համար» սկզբունքով ՆԱՏՕ-ի արձագանքի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սահմանների նկատմամբ օրեցօր ավելի լկտի դրսեւորումներ ստացող ոտնձգություններին ՀԱՊԿ-ի բացարձակ լռության միջեւ` Ս. Սարգյանն ասել է.«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշկեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված:

Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»:

Իհարկե, Ս. Սարգսյանն առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում բարձրացնում է այս հարցը: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ եւս գրեթե նույն սրությամբ Ս. Սարգսյանը ՀԱՊԿ ղեկավարներին հիշեցրեց իրենց դաշնակցային պարտավորությունների մասին Սոչիում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Այն ժամանակ, սակայն, Ս. Սարգսյանի՝ նման «բարձր տոնայնությունը» փորձագետները պայմանավորում էին ՀՀ-ի` ԵՏՄ մտնելու քայլի կարեւորությամբ Ռուսաստանի համար, հանուն ինչի էլ ՀԱՊԿ ղեկավարները առանձնապես սուր չարձագանքեցին Սարգսյանի մեղադրանքներին: Ու թեեւ Ս. Սարգսյանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին անխտիր բոլոր նստաշրջաններում եւ գագաթնաժողովներում բարձրաձայնում էր, այդ թվում եւ նախորդ` Դուշանբեի նստաշրջանում, երեկվա հայտարարությունը նկատելիորեն տարբերվում էր ձեւակերպումների կտրուկությամբ:

Մտածել, թե դա պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, իհարկե, միամիտ մոտեցում է: Թեեւ ոչ ամբողջական, սակայն կարեւոր դրդապատճառը թերեւս պետք է տեսնել նախօրեին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման եւ դրանից հետո ԵԱՀԿ միջնորդների հետ ունեցած քննարկումներում: Եվ ՀԱՊԿ-ի անդամներին, ըստ էության, վերջնագրային բովանդակության այդ հրապարակային հանդիմանանքից կարելի է եզրակացնել, որ այդ քննարկումների արդյունքում Ջեյմս Ուորլիքի հիշատակած կենացը եղել է հանուն ԼՂՀ-ի անվտանգության:




Լրահոս