Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մշակույթի նախարարության՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու որոշման մասին: Մեր տեղեկություններով՝ այս ամենի իրական նպատակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդուն, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր դարձնելն է: Բանն այն է, որ Հասմիկ Պողոսյանն իր կարիերայի համար պարտական է Ա. Սմբատյանին:
Վերջինս է 2006-ին բարեխոսել, որ Պողոսյանը դառնա մշակույթի նախարար՝ իբրեւ «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից, ով ասաց. «Սմբատյանը մեկ այլ խմբի գլխավոր դիրիժոր է, եւ օպերային թատրոնում արդեն չկա գլխավոր դիրիժորի հաստիք: Ի՞նչ եք կարծում՝ Սմբատյանը պետք է թողնի իր հաստիքը ու գա այդտե՞ղ աշխատի: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ինչ վերաբերում է հետագայում այդ հաստիքը վերականգնելուն, դա ստեղծագործական անհրաժեշտությունից ելնող հարց է»: