ՀՀ ԱԱԾ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ` կապված Վահան Շիրխանյանի ձերբակալության հետ: Սակայն որքան էլ տարօրինակ է՝ ԱԱԾ հայտարարությունը ոչ թե զինված հանցախմբի այս աղմկահարույց գործին Շիրխանյանի առնչության, կամ Գորիկ Հակոբյանի մատնանշած «հրեշավոր վտանգների» մասին է, այլ Շիրխանյանի ձերբակալության կապակցությամբ կայքերից մեկին տված հարցազրույցում Աշոտ Մանուչարյանի հնչեցրած գնահատականների: Վերջինս այն գնահատել էր «արկածախնդրություն».«Կարծում ենք՝ արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների եւ դրանց իսկ վրա կառուցված հետեւությունների վրա,- այսպիսի «ոչ զգայական», «չանձնավորված» եւ «անկողմնակալ» ձեւակերպումներով է արձագանքել ԱԱԾ-ն` եզրափակելով,- Մեկնաբանությունների եւ գնահատականների լրջությունը ուղղակիորեն կապված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից»:
Մի կողմ թողնելով այն, թե որքանով են Ա. Մանուչարյանի պնդումներն ընդունելի, նկատենք, որ առնվազն տարակուսելի է այն սեւեռվածությունը, որով ԱԱԾ-ն «անարգանքի սյունին» է գամում յուրաքանչյուրին, ով հանդգնում է քննադատել այս ծառայության գործունեությունը կամ կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը: Լավ, Մանուչարյանն ազատ, անկախ քաղաքացի է, որն իր մտքերը հայտնելիս որեւէ բանով սահմանափակված չէ, եւ եթե նպատակ ունի, ինչպես ասվում է ԱԱԾ այս հայտարարությունում, «սեփական անձի վրա ուշադրություն հրավիրել», ապա որն է պատճառը, որ ԱԱԾ-ն աջակցում է այդ գործընթացին: Իհարկե, այլ դեպքում թերեւս կարելի էր այս ամենի տակ ինչ-որ լուրջ զարգացումներ տեսնել, սակայն ԱԱԾ կողմից միջանձնային մակարդակի իջեցված այս դրսեւորումները, ցավոք, լրջության տեղիք չեն տալիս:
Ցավալի է, բայց այս անլուրջ գործելաոճը հատուկ է ոչ միայն ԱԱԾ-ին, այլեւ ՊՆ-ին: Վերջինիս մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել մի հայտարարությամբ, որի տարածումից հետո ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը սթրեսի ենթարկվեց.«Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»,-երեկվա ասուլիսում ասել է Հովհաննիսյանը, ով, սակայն, դրանից 2 ժամ անց արդեն եթերից պարզաբանում էր, որ ինքը նկատի չի ունեցալ պատերազմ բառի «բացարձակ իմաստը», եւ որ, փառք Աստծո, երեկվա դրությամբ սահմանային լարվածությունը նվազել է: Թե ինչպիսի գնահատական կարելի է տալ նման անլուրջ, չմտածված հայտարարությանը, կարծում ենք՝ լավագույնս կասեն իրենց զավակներին բանակ ուղարկած մայրերը, իսկ ՊՆ ղեկավարությանը խորհուրդ կտանք ժամանակ առ ժամանակ այս կամ այն լրատվամիջոցին «հանրության մեջ խուճապ չտարածելու» խորհուրդներ տալիս` նախ եւ առաջ այն ուղղել սեփական խոսնակին: