Ազերի օրենսդիրների հումորի զգացումը ծայրաստիճան օրիգինալ է. Ադրբեջանը որոշել է շանտաժի լեզվո՞վ խոսել ԱՄՆ-ի հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում, պարզվում է, վերջնականապես կորցրել են իրականության զգացողությունը եւ որոշել են, ոչ ավել, ոչ պակաս, ժողովրդավարության դասեր տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Ինչպես հայտնի է՝ օրերս ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթի հեղինակած օրինագիծը` «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերտառությամբ, ներկայացվեց ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, եւ ըստ այդ օրինագծի` առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ալիեւյան վարչակազմի նկատմամբ, մասնավորապես մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում «մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների» հետ:

Օրինագծի ներկայացման հաջորդ իսկ օրը Ադրբեջանի Միլի Մեջլիսում հիստերիկ ելույթներից հետո, որոնցում փաստաթղթի շրջանառությունը բացառապես ԱՄՆ-ի հայկական լոբբիի ձեռքի գործը որակվեց, նախօրեին էլ ադրբեջանցի մեջլիսականները հանդես են եկել, իրենց կարծիքով, շատ սրամիտ մի օրենսդրական նախաձեռնությամբ` «Մարդու իրավունքների վիճակը Միացյալ Նահանգներում» անվանումով, որով նախատեսվում է նույնպիսի պատժամիջոցներ սահմանել Միացյալ Նահանգների մի շարք պաշտոնյաների հանդեպ` այդ երկրում «մարդու իրավունքների համատարած խախտումների» համար:

Ընդ որում, ազերի օրենսդիրների հումորի զգացումը ծայրաստիճան օրիգինալ է, ընդհուպ մինչեւ «ԱՄՆ-ում խոսքի ազատության սահմանափակումների» եւ «ընտրությունները կեղծելու» մասին մեղադրանքներ հնչեցնելու աստիճան:
Թե մինչեւ ուր կշարունակվի ադրբեջանական այս անհաջող կլոունադան, եւ արդյոք այս օրինագիծը կընդունվի Մեջլիսի կողմից, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ինքնին փաստը, որ Ադրբեջանը որոշել է շանտաժի լեզվով խոսել ԱՄՆ-ի հետ, դժվար թե անտեսվի Սպիտակ տան կողմից: Իհարկե, այստեղ կարեւոր է հասկանալ, թե ինչի վրա է Ադրբեջանն այսօր հույս դնում` ըստ էության բացարձակ եւ լկտի մարտահրավեր նետելով Վաշինգտոնին: Արդյոք այդ հարցում Բաքվի դիրքորոշումը կիսում են Անկարայում, թե այս դեպքում Ադրբեջանն արդեն իսկ իրեն նախապատրաստել է ինքնամոռաց կերպով Ռուսաստանի գիրկը նետվելուն:

Ռուս-թուրքական լարվածության այս փուլում իր նման պահվածքով Ադրբեջանն, ըստ էության, նախ եւ առաջ շատ բարդ վիճակում է դնում իրեն, սակայն մյուս կողմից էլ նման կտրուկ կերպով հակազդելով Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան քննադատությանը` Բաքուն փորձում է նախապես հող պատրաստել իր համար շատ ավելի կարեւոր` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիտարկումների ակտիվացման, սահմանային վերահսկող սարքավորումների տեղադրման եւ հետաքննության մեխանիզմների ներդրման` 85 կոնգրեսականների առաջ քաշած եւ ԱՄՆ պետքարտուղարության հավանությանն արժանացած նախագծի ձախողման համար:




Լրահոս