Մելիք Մանուկյանը հայտնվել է ֆինանսական խնդիրների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, հայտնվել է ֆինանսական խնդիրների մեջ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորին 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 94 միլիոն 523 հազար 994 դրամի համար դատի են տվել:

Մեր օրաթերթը բազմիցս է անդրադարձել ԱԺ պատգամավորներին պատկանող ընկերությունների դեմ դատական հայցերին: Ավելին՝ նույնիսկ նրանցից շատերը դատարանի կողմից սնանկ են ճանաչվում: Եվ, ահա, այս անգամ էլ դատարանի դուռն է հասել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մարտի 2-ին Երեւան քաղաքի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից՝ Շշի Մելոյից, գումար բռնագանձել: Բայց քաղաքացի Արտուշ Մարտիրոսյանը այսքանով չի սահմանափակվել:

Տեղեկացանք, որ Արտուշ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Էդգար Բադեմյանը մարտի 23-ին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 94 միլիոն 523 հազար 994 դրամի չափով արգելանք դրվի Մելիք Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա՝ արգելելով դրանց հետագա տնօրինումը, մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը:

Դատարանում պատգամավոր Մելիք Մանուկյանի լիազորված անձ Հրանտ Գեւորգյանն էլ իր հերթին է դիմել դատարան, որպեսզի թույլ չտա, որ պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի: Վերջինս դատարանում իր քայլը հիմնավորել է, թե գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը յուրաքանչյուր օր պատասխանողին պատճառում է էական վնաս, ինչն իր հերթին խաթարում է նրա աշխատանքային նորմալ գործունեությունը:

Ավելին՝ Գեւորգյանը դատարանում պնդել է, որ պատասխանող Մելիք Մանուկյանը հանդիսանում է «Սարանիստ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը, իրականացնում է տնտեսական գործունեություն եւ վերջինիս դրամական միջոցների վրա արգելանք դնելը նրան զրկում է տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Ինչպես նկատում ենք՝ այս խնդրի շուրջ դատարանում երկու կողմերի միջեւ տարաձայնություն է առաջացել: Բանն այն է, որ պատգամավորի դեմ դատական հայց ներկայացրած Մարտիրոսյանի ներկայացուցիչը պնդել է, թե պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա պետք է արգելանք դրվի, իսկ, ահա, պատգամավորի լիազոր ներկայացուցիչը պահանջում է այն մերժել: Ավելին՝ Մելիք Մանուկյանի` Շշի Մելոյի լիազոր ներկայացուցիչը հայտնել է, թե դատարանը կարող է արգելանք դնել «Սարպետ» ՍՊԸ-ի՝ Երեւան քաղաքաքի Կենտրոն, Գրիգոր Լուսավորիչ թիվ 4/4 հասցեում գտնվող բնակելի շենքի վրա, որի հիսուն տոկոսի սեփականատեր է հանդիսանում Մելիք Մանուկյանը, իսկ, ահա, նշված տարածքի շուկայական արժեքը գնահատվել է երկու միլիարդ երեք հարյուր ութսուն միլիոն ՀՀ դրամ:

Արդյունքում, գործը նախագահող դատավոր Նելլի Գալստյանը, լսելով երկու կողմերի կարծիքները, որոշում է կայացնում 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 94 միլիոն 523 հազար 994 ՀՀ դրամի չափով պատգամավոր Մելիք Մանուկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնել՝ պահպանելով գույքի վրա դրված արգելանքը:

Այսինքն՝ այս օրերին պատգամավորի գույքը դրված է արգելանքի տակ:
Ինչ խնդիր է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, Արտուշ Մարտիրոսյանի հետ, ինչի արդյունքում նրան պատկանող գույքը արգելանքի տակ է դրվել: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով նախ զրուցեցինք Արտուշ Մարտիրոսյանի պաշտպան Էդգար Բադեմյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ չի կարող հայտնել, թե ինչ խնդրի մասին է խոսքը, քանի որ դրա իրավունքը չունի. «դա փաստաբանական գաղտնիք է, իրավունք չունենք հրապարակել, քննչական գաղտնիքի նման բան է: Ինձ նույնիսկ դատ է հասնում օրենքով, դա ասելու համար, դա նույն է, որ բժիշկը որեւէ մեկին հիվանդության մասին մեկ այլ մարդու տեղեկություն հայտնի»:

Իսկ պատգամավոր Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանը ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ դատական հայցը որակեց որպես շանտաժ. «Պարզապես շանտաժ: Արդեն դատարանում ապացուցվել է, որ դրանք կեղծիք են տարածել Մելիք Մանուկյանի անվամբ: Ես առաջիկա նիստում հակընդդեմ հայց եմ ներկայացնելու եւ երեւի դիմեմ ՀՀ գլխավոր դատախազություն՝ այդ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու»:

Ըստ Հրանտ Գեւորգյանի` Արտուշ Մարտիրոսյանը նախկինում «Երեւանշին»-ում է աշխատել. «Հետո թե ինչ կարգով, ինչ ձեւով է այդ շինարարական կազմակերպությունը ձեռք բերել, օրինական առք ու վաճառքի եղանակով «Երեւանշին»ի մի մասը վաճառել է: Անցել է երկար տարիներ, հանկարծ դատարանում հայց է ներկայացրել, թե Մելիք Մանուկյանն իրեն այսքան գումար է պարտք: Իսկ թե ինչի է պարտք, ինչի համար է գոյացել այդ պարտքը, հայտնի չէ: Չէ որ պայմանագիր գոյություն ունի: Այսպիսի մի անհիմն հայց է ներկայացրել: Մենք ներկայացրել ենք առուվաճառքի հետ կապված բոլոր մեր փաստաթղթերը եւ հիմա հաշիվ ենք պահանջում, թե ում կարգադրությամբ, ում պատվերով է նա իրականացրել եւ դեռեւս չենք կարողանում հասկանալ»:
Մեր այն հարցին՝ միգուցե պատգամավորի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում, լիազոր ներկայացուցիչը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, ով գիտի, մեր երկրում ինչ ասես հնարավոր է»:

Այսպիսով, պատգամավորը կանգնած է լուրջ խնդրի առաջ. մի կողմից ունեցվածքն է արգելանքի տակ, մյուս կողմից՝ վտանգվում է ազգընտիրի հեղինակությունը: Բայց ամեն դեպքում, եթե պատգամավորը ճիշտ փոխհարաբերություններ կառուցեր, դժվար թե այսքան պատմության մեջ ընկներ:

Քնար Մանուկյան




Լրահոս