ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՆՇԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների՝ ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել: Մնացած ընտրական տեղամասերում գրանցված փոփոխությունները եղել են աննշան` ամենաշատը 4-5 քվեի չափով: Անփոփոխ է մնացել նաեւ անվավեր քվեաթերթիկների թիվը: Վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը:

Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասնակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսից առաջ՝ մի քանի ժամվա ընթացքում, հարյուրավոր քաղաքացիներ տարբեր զավեշտալի հարցեր են հղել Մուկուչյանին: «Պարո՛ն Մուկուչյան, փոքրիկ Աշոտիկն ունի 5 խնձոր: Քանի՞ խնձոր ունի փոքրիկ Աշոտիկը», «Դուք 1991-ին ԱԺ-ում էլեկտրիկ եք աշխատել, իսկ հիմա՝ ԿԸՀ նախագահ. Խնդրում եմ ասեք, ե՞րբ է Ձեր խիղճն ավելի հանգիստ եղել», «Աշխատանքից ազատ ժամերին ի՞նչ եք կեղծում», «Մատ ա մատ ա, քանի՞ մատ ա», «Պարո՛ն Մուկուչյան, այսօր պետք է ինքնաթիռի տոմս գնեմ, բայց աշխատավարձս դեռ չեն փոխանցել: Գրպանումս կա ընդամենը 6,500 դրամ: Ինչպե՞ս խորհուրդ կտաք այն հաշվել, որպեսզի գրպանիս պարունակությունը դառնա 235,000 դրամ»: Արդյունքում` Մուկուչյանը հրաժարվել է մասնակցել ասուլիսին:

ԱՄԱՉԵԼՈՎ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
Նախկին դաշնակցական, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը մամուլի ասուլիսում վիրավորական արտահայտություններ էր արել ՀՅԴ Բյուրոյի, կուսակցական գործիչների հասցեին: Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Երկիր»-ին ասել է. «Զզվում եմ ապարանցի Պավլիկի` պավլիկմարոզովյան տեսակից: Դաշնակցության հասցեին դրա զազրախոսելը դրանց տեսակի «երախտագիտությունն» է. թող իրենց ճենճի մեջ տապակվեն: Ամաչում եմ ինքս ինձնից, որ ստիպեցի ինձ դրան մեկ` վերջին անգամ էլ արձագանքել»:

ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ
«Մարդիկ տուն-տեղ վաճառում են՝ մտածելով, որ այնտեղ իրենց դրախտ է սպասվում, բայց իրականում նրանք հայտնվում են անելանելի եւ դժվար կացության մեջ,-անդրադառնալով Եվրոպա գաղթած մեր հազարավոր հայրենակիցների վիճակին` երեկ ասել է տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը` նկատելով,-եթե նախկինում մեր ապօրինի միգրանտներին տարիներով պահում, ուտեցնում ու փող էին տալիս, այսօր մեկ-երկու օրում մերժում` «դեպորտ» են անում»:

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՄՔՈ՞Վ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովին, որը նախկինում կանոնակարգում էր Կրեմլի ներքին քաղաքականությունը: Պուտինի հրամանագրի տեքստում նշված է, որ Սուրկովն ինքն է հայտնել զբաղեցրած պաշտոնը լքելու ցանկություն: Սակայն դա արել է Պուտինի մոտ երեկ անցկացված խորհրդակցությունից հետո:

Ի՞ՆՉ ԽՈՍԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ դիմել է կառավարության անդամներին. «Հարցեր կա՞ն»: Հարցեր չեղան, սակայն խոսք վերցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու շնորհակալական խոսք ասաց: Դրանից հետո Ս. Սարգսյանը կրկին ասաց. «Իսկ հարցե՞ր»: Քանի որ հարց տալու ցանկություն ունեցողներ չեղան, Ս. Սարգսյանը դիմեց իր մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին. «Արմա՛ն, կարո՞ղ ենք առանց տեսախցիկների»: Նիստի հեռարձակումը դադարեցվեց մոտ 10 րոպեով եւ վերսկսվեց, երբ Տ. Սարգսյանն անցել էր օրակարգի կոնկրետ հարցերին»:




Լրահոս