ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ
Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է մինչեւ 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 340 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում 180 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ:  
Հիշեցնենք, որ մեր ծանրորդներից դեռեւս ելույթ չի ունեցել +105 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գոռ Մինասյանը, որը պատանիների Եվրոպայի չեմպիոն է եւ աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր:

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ
Ինչպես պարզվում է, Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելուց հետո հանգստանալու մտադրություն չունի:
Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց այդ երկրի պատմության մեջ շախմատային առաջին գերմրցաշարի հիմնական փուլը, որին, մեր հայրենակցից բացի, մասնակցում են՝ Մագնուս Կարլսենը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Պյոտր Սվիդլերը (նա փոխարինում է մրցաշարին մասնակցելուց հրաժարված Վլադիմիր Կրամնիկին), Սերգեյ Կարյակինը, Թեյմուր Ռաջաբովը, Վան Հաոն եւ Ջոն Լյուդվիգ Համմերը: Մայիսի 7-ին շախմատիստները մասնակցեցին բլից մրցմանը, որում գրաված տեղերով էլ վիճակահանության փոխարեն որոշվելու են հիմնական մրցաշարի նրանց հերթական համարները: Մրցաշարը կավարտվի մայիսի 18-ին: Առաջին տուրում Լեւոնը սեւ խաղաքարերով խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:
Վերջում նշենք, որ հայաստանցի գրոսմայստերների թիվն ավելացավ եւս երկուսով. ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում շնորհեց Կարեն Հ. Գրիգորյանին եւ Հովիկ Հայրապետյանին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս