ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ Ֆրանսիայից թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել տվել:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին մտել դիմակավորված մի խումբ անձինք, ստուգումներ իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն ստուգումներն ուղեկցվել էին դատապարտյալների նկատմամբ բռնություններով, ինչն էլ մեծ աղմուկի առիթ դարձավ: Իրավիճակի շուրջ պարզաբանմամբ հանդես եկավ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը՝ ասելով, թե հարձակում չի եղել, այլ իրենք տեղեկություն են ստացել, որ խցերից մեկում անթույլատրելի առարկաներ են պահվում, եւ իրենց պարտականությունն է եղել ստուգել եւ հայտնաբերել այդ առարկաները:
Այս աղմուկից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով հափշտակություն է իրականացրել: Ասել է թե՝ դատապարտյալը ՔԿՀ-ում գտնվելով՝ արտոնյալ կարգավիճակում բազմաթիվ քաղաքացիների «քցել է»:
Բայց պարզվում է` սա միակ աղմկահարույց դեպքը չէ, որ արձանագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Դատելով ՔԿՀ-ներում ստեղծված իրավիճակից՝ կամաց-կամաց բացվում է կծիկը, եւ հասկանալի է դառնում, թե ինչու էին դիմակավորված անձինք ՔԿՀ-ներում ստուգումներ իրականացրել եւ իրականացնում: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի նոյեմբերի 11-ին նոր քրեական գործ է ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: Տեղեկացանք, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որոշել է Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ծանոթների միջոցով այնպես անի` Ֆրանսիայից Հայաստան թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր տեղափոխի, իրացնի: Եւ որպեսզի այդ գործընթացում իր դերակատարումը հնարավորինս քողարկի, նոր գաղափար է մշակել: Նա դիմել է «Կոշ» եւ Արթիկի ՔԿՀ-ներում իր ծանոթներին՝ պահանջելով ֆրանսիայից ուղարկված թմրանյութերի ծանրոցները ստացող անձանց գտնել եւ նրանց բնակության հասցեները տրամադրել իրեն: Արդյունքում «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուստամ Համբարձումյանը, Էդվարդ Պողոսյանը, Անդրանիկ Գրիգորյանը միացել են Հարությունյանին, որպեսզի «գործը գլուխ» բերեն: Անդրանիկը խնդրանքով դիմել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Գագիկ Մխիթարյանին` պատմելով ծրագրի մասին: Վերջինս էլ իր հերթին համաձայնել է օժանդակել տղաներին եւ որպես օգնություն տրամադրել է հարազատ քրոջ` Ռուզաննա Մխիթարյանի կենսորոշիչ տվյալներն ու հասցեն:
Իսկ հիմա ամենագլխավորը՝ ո՞վ պետք է թմրամիջոցը եւ հոգեմետ նյութերը Ֆրանսիայից ուղարկի Հայաստան, եւ, առհասարակ, ո՞վ պետք է ստանա ծանրոցները եւ հասցնի ՔԿՀ-ում գտնվող տղաներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքից տղաների թմրամիջոցն ու հոգեմետ նյութերը պետք է ուղարկեր այնտեղ բնակվող Արմեն Բոտոյանը, որը Տիգրան Հարությունյանի ազգականն է:
Եվ, ահա, Ֆրանսիայի Լիոն քաղաքից փոստային առաքումով, մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ուղարկել 218 հատ ամբողջական եւ 5 հատ կոտրված դեղահաբեր, ընդհանուր 86.59 գրամ քաշով, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերով` 1.7318 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Բայց իրավապահները միջամտել են: Երբ այս գործում «Կոշ» ՔԿՀ-ի՝ ներգրավված դատապարտյալ Ռուստամ Համբարձումյանի ընկերուհին՝ Նաիրա Ալոյանը, որի անձնագրի տվյալներով Ֆրանսիայից ուղարկվել է նշված պարունակությամբ ծանրոցը, Արարատ քաղաք «Հայփոստ» բաժանմունքից ցանկացել է ստանալ այն, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԶԳԱՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ

Հայաստանի պետական պաշտոնյաները, որպես կանոն, հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում տարաբնույթ աղմուկների շրջանակներում: Եւ ուշագրավն այն է, որ սկսել է փոխվել նաեւ պաշտոնյաների հետ կապված սկանդալների բնույթը: Նախկինում այդ սկանդալները վերաբերում էին պաշտոնյաների կամ նրա հարազատների կրիմինալ գործողություններին կամ դրանց առնչությանը: Օրինակ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա որդիներն այս տեսանկյունից կարող են միանշանակ «առաջատար» համարվել:

Բայց հիմա աղմուկի բնույթը փոխվել է, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեպքում. նրա ընտանիքի լուսանկարների շուրջ բարձրացած աղմուկը, գործնականում նոր էջ բացեց պաշտոնյաների սկանդալների էջերում: Համացանցում արդեն մեկ շաբաթից ավել է բուռն քննարկվում են Օհանյանների ընտանիքի լուսանկարները, որոնցում արտացոլված են, թե վերջիններս ինչ ճոխության մեջ են ապրում: Քննադատությունների հիմնական ուղղվածությունն այն է, թե ինչպես կարելի է սահմանի լարվածության պայմաններում, երբ պարբերաբար զոհի մասին լուրեր են ստացվում, նման լուսանկարներ հրապարակել: Կասկածից վեր է, որ եթե սահմանին ներկա լարվածությունը չլիներ, միեւնույն է, այդ լուսանկարների շուրջ աղմուկ էր բարձրանալու: Մարդիկ էլի չէին մարսելու եւ քննադատելու էին նախարարի ընտանիքի նման ճոխ եւ չհիմնավորված եկամուտներով վարվող կենցաղը: Այսինքն՝ քննադատությունները ենթագիտակցորեն բողոք են անարդարության եւ պետական միջոցների թալանի դեմ, չնայած որ այլ կոնտեքստում են ներկայացվում:
Ի պաշտպանություն Օհանյանների՝ հնչող կցկտուր կարծիքները վկայում են, որ աղմուկի հեղինակներն այդպես էլ չեն ընկալում հասարակության բողոքի պատճառները: Օրինակ` ի պաշտպանություն արտահայտվողների՝ մի մասը մատնացույց է անում Օհանյանի վաստակը, մասնավորապես, ԼՂՀ ազատամարտին մասնակցած լինելու փաստը, մյուսն ասում է, թե ինչ է՝ միայն ի՞նքն է թալանում, որ իրեն թիրախավորում են, մյուսն էլ փորձում է նախարարի կնոջը պաշտպանել, թե գեղեցիկ է, եւ այսպես շարունակ: Օհանյանների պաշտպաններն այդպես էլ չեն գիտակցում, որ եթե նկարներում հրապարակված կենցաղը համահունչ լիներ նախարարի պաշտոնական եկամուտներին, ապա մարդկանց մեծ մասը գուցե եւ ընդհանրապես դրանց ուշադրություն չդարձներ, ու այս դեպքում սահմանին տիրող իրավիճակն ամենեւին էլ կապ չէր ունենա: Ու եթե ազատամարտին մասնակից լինելը պետական միջոցները թալանելու «քարտ-բլանշ» է տալիս, ապա ինչու հազարավոր ազատամարտիկների եւս նման հնարավորություն տրված չէ: Համաձայնեք` Օհանյանի կենցաղը նրա անցած ուղիով արդարացնելն անուղղակի պղծում է ազատամարտիկների վաստակը:
Նախօրեին էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինիս կյանքը «ոսկե զավակի» դասագրքային օրինակ է: Վարչապետի որդի, որը հոր կենդանության օրոք ինչ ցանկանում, անում էր, շենքը շենքի ետեւից սեփականաշնորհում, պետության փողերով փողոցները ծաղիկներով զարդարում եւ դրա համար իր հասցեին գովասանքներ ակնկալում: Այնուհետեւ, հոր մահվանից հետո էլ նրա հիշատակի շնորհիվ Հայաստանի առանցքային պաշտոններից մեկին նշանակվեց: Եւ, ահա, երկու օր առաջ լուրեր տարածվեցին, որ Տարոն Մարգարյանի ընտանիքին սպասարկող ավտոմեքենան քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցված: Երեւանի քաղաքապետարանի լրատվականը այդ լուրն անմիջապես հերքեց: Բայց նույն Մարգարյանի պաշտոնակիցները ներքին կարգով քչփչում են, թե տարածված լուրերն իրական են: Իհարկե, լավ է, որ Տարոն Մարգարյանը կամ նրա շրջապատը հասկացել են, որ քաղաքապետարանի հաշվին ընտանիքին սպասարկող ավտոմեքենա պահելը, մեղմ ասած, շատ վատ բան է եւ տվյալ պաշտոնյայի «աչքածակության» մասին է վկայում, առավել եւս, որ նա Երեւանի մի ամբողջ վարչական շրջանի կեսից ավելիի սեփականատերն է: Բայց ավելի լավ կլիներ, որ այդ լուրերի առիթը չլիներ: Ինչպես ասում են` ծուխն առանց կրակ չի լինում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում բողոքի ալիք է հասունանում: Դատապարտյալները բարձրաձայնում են, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արթուր Մելիքյանին փաստացի դրդում է ծայրահեղ քայլերի:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած դատապարտյալը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ անչափահաս Արթուր Մելիքյանը հացադուլ է հայտարարել, քանի որ ՔԿՀ ղեկավարությունը մերժում է նրա դիմումները. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ է ՔԿՀ-ի ղեկավար Վահան Մարգարյանը անում դատապարտյալների գլխին: Մեր դատապարտյալներից Աշոտ Մելիքյանը, որ անչափահաս տղա է, ցանկանում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել մեկ այլ ՔԿՀ, սակայն դատապարտյալները մեռնեն էլ, իրենց փրթեն էլ, միեւնույն է՝ ՔԿՀ պետը ասում է, թե ինչ էլ անեք, ձեր ասածով չի լինելու, ես եմ ասում՝ ոնց կլինի, եւ իր տարբերակներն է առաջարկում դատապարտյալներին, որից հետո տղերքը տուպիկի առաջ են կանգնում: Մարդիկ ինչ ծայրահեղ քայլերի ասես չեն գնացել, երբ այսպիսի հարցով դիմել են ղեկավարին եւ ստացել են մերժում: Ախր, Աշոտը որոշակի առողջական խնդիրներով երեխա է, ու նրան այնտեղ մնալ շատ վտանգավոր է, խնդրում ենք՝ օգնեք, որ այս խնդրին լուծում տան, թե չէ տղան այլ ծայրահեղ քայլերի կգնա»:
Նշենք, որ Արթուր Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն է կատարել` նախնական համաձայնության գալով Գայանե Գրիգորյանի, Գեւորգ Թոքմաջյանի եւ Ջուլիետա Նազարեթյանի հետ: Նա Երեւան քաղաքի Հին Երեւանցու փող. 2 շենքի թիվ 25 հասցեում գտնվող, Աիդա Սեդրակյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել է Սեդրակյանին պատկանող 12.000 ՀՀ դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի` 17 միլիոն դրամ, 40.000 ԱՄՆ դոլար եւ 1 միլիոն 600 հազար դրամ գումարներ, 2500 ՀՀ դրամ, 1.200 ՀՀ դրամ, 2000 ՀՀ դրամ եւ 1.000 ՀՀ դրամ արժողությամբ 4 դրամապանակներ: Ասել է թե՝ Ա. Սեդրակյանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 17 միլիոն 790 հազար 740 դրամի գույքային վնաս:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆՈՒ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին եւ լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:




Լրահոս