Սեյրան Օհանյանի` բռնաբարել և ականջ կտրել սպառնացող պաշտպանները. ինչ է սպասվում Շուշան Պետրոսյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեպքը դեռ չմարսած` այժմ սկանդալ է հասունացել մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի շուրջ: Օրեր առաջ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին:

Այս ամենն ավարտվեց նրանով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմում է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով, իսկ դիմումն էլ առաջիկա օրերին կքննարկվի: Իսկ ինչից սկսվեց այս ամենը. ամեն ինչի մասին սկզբից:

Հունվարի 9-ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20 տարին չբոլորած Արամայիս Ոսկանյանի մասին Facebook-ի օգտատեր Գայանե Շահինյանը գրել էր, որ ցավակցությունները միայն խոսքեր են և հավելել, որ զզվում է այս իշխանություններից ու պաշտպանության նախարարությունից և ընդգծել, որ Սեյրան Օհանյանին չի կարելի թողնել կանգնել զոհված զինվորի գլխավերևում: Այս խոսքերը զայրացրել էին Շուշան Պետրոսյանին, ով արձագանքեց «Լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությամբ:

Իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորների նման պահվածքը բնավ էլ նորություն չէ ոչ ոքի համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ հայտնի Առաքել Մովսիսյանը պաշտպանության նախարարին քննադատողներին սպառնացել էր «բռնաբարել» ու «գլխատել»: Ստացվում է` պաշտպանության նախարարն իրեն պաշտպանողների մի հսկայական բանակ ունի, ովքեր պատրաստ են գլխատել, աչքեր հանել և նույնիսկ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կփորձեն որևէ վատ խոսքեր հնչեցնել նրա հասցեին:

Չնայած այսքան հնչած քննադատություններին և էթիկայի հանձնաժողով ներկայացրած դիմումին` պատգամավոր Շուշան Պետրոսյանն ամենևին էլ չի զղջում իր խոսքերի համար: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում նա այդպես արձագանքեց:

Ակնհայտ է, որ դիմումի քննության արդյունքը ոչինչ էլ չի փոխի: ԱԺ էթիկայի հանձնաժողովը միայն հաստատում կամ հերքում է էթիկայի կանոնները խախտելու փաստը, սակայն դա որևէ հետևանք չի թողնում: Հետևանքը միայն կարող է լինել այսպիսի վիրավորանքների շարունակական լինելը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս