Քաղաքացիները դժգոհ են. կոմունալ վճարներն աստղաբաշխական թվեր են կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ գալիս է կոմունալ ծախսերը վճարելու ժամանակը, քաղաքացիներն ապշած են մնում. վճարները սպասվածից ավելին են լինում: Դեկտեմբեր ամիսը ևս բացառություն չէ: Armlur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվել, որ դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարները, հատկապես` սպառած էլեկտրաէներգիայի համար վճարվելիք գումարը, սպասվածքից շատ է:

Քաղաքացիները դժգոհում էին, թե կառավարության խոստացած էլեկտրաէներգիայի սուբսիդավորումն այդպես էլ չեն տեսնում և չեն օգտվում դրանից, քանի որ, նրանց խոսքով, «ավել կիլովատներ են գրվում` չսուբսիդավորելու համար»: Այն հանգամանքը, որ Հայաստանում աղքատությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ նվազագույն աշխատավարձն էլ ոչնչի չի բավականացնում, քաղաքացիների բողոքն արդարացի է դարձնում:

Ինչպես հայտնի է, կառավարությունը սուբսիդավորում է ամսական մինչև 250 կվտժ էլեկտրաէներգիա սպառած բնակիչների գումարի տարբերությունը: Հենց այս հանգամանքն էլ վրդովեցրել է քաղաքացիներին, քանի որ հատկապես ձմռանը ներկայացված թվից հաճախ կրկնակի կիլովատներ են ծախսվում, որն էլ բնակիչն արդեն վճարում է թանկացած գնով:

Կառավարությունը շարունակում է պնդել, թե սուբսիդիաները կատարվում են, սակայն, չգիտես ինչու, հասարակ սպառողը դա չի զգում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե կառավարությունը շարունակելու է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը: Իսկ կառավարության հրապարակած տվյալներով՝ նոյեմբերին բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Իսկ հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ՝ նախորդ ամսից 47, 5 մլն-ով պակաս:




Լրահոս