Ինչպես կարձագանքի ռուսական կողմը. Հայաստանը էներգակիրների գների վերանայման հարցով դիմել է ՌԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները էներգակիրների գների հարցով դիմել են ՌԴ իշխանություններին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարել էր, թե ակնկալում են դրական պատասխան ստանալ:

Այդպիսի խնդրանքով վարչապետին դիմել են գործարարները` հունվարի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կրկին կայացել էր տնտեսվարողների խնդրանքով: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով:

ՌԴ-ին դիմելու անհրաժեշտության մասին մշտապես է խոսվել, քանի որ այս փուլում անհրաժետություն է առաջացել, որ Հայաստանը վերանայի իր էներգետիկ քաղաքականությունը, քանի որ ամբողջ աշխարհում էներգակիրների գները նվազում են: Մասնագետները շատ են խոսել նաև Իրանից ավելի էժան գներով գազ ներկրելու հնարավորության մասին, ինչը սակայն այդպես էլ չի արվում:

Օրերս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ բացառում է ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ ներկրելը: Իսկ թե այս պարագայում ինչ դիրքորոշում կհայտնի ռուսական կողմը, դեռ անհայտ է…. վարչապետը սակայն դրական պատասխանի հույսեր ունի:




Լրահոս