Ի՞նչ կհասնի Հայաստանին Քըրք Քըրքորյանի կտակից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի կտակը: Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա կտակել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը եւ գոյացած գումարն ուղղել բարեգործության: Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քըրքորյանի կենդանության օրոք: Ասել է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են:

Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց: Բայց Քրքորյանին զայրացրել էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, եւ նա լուծարեց «Լինսի» հիմնադրամը` հրաժարվելով Հայաստանին որեւէ սենտ տալ: Եւ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար եւ գուցե ավելի:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ Քըրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել, որում ներգրավված են բազմաթիվ իրավաբաններ եւ տնտեսագետներ: Նրանք առաջիկա ամիսներին մեկ առ մեկ պետք է վեր հանեն, թե Քըրքորյանն իր 98 տարվա կյանքի ընթացքում ինչպիսի բարեգործություն է կատարել, որպեսզի ունեցվածքից ստացված միջոցների հաշվին այն կրկնեն, ինչպես նշված է մեծ բարերարի կտակում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 16-ին 98 տարեկանում Բևեռլի Հիլլզի իր տանը կյանքից հեռացավ Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը:

Մեծ բարերարը  ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս