Կլինի՞ երբևէ նոր Լինս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում կառուցվել են մի շարք ավտոճապարհներ: Մասնավորապես` 2001-2003 թվականներին այդ հիմնադրամի մոտ 7 միլիոն դոլար ֆինանսավորմամբ կառուցվեց Ադրբեջանի հետ սահմանագոտին շրջանցող, 11 կմ երկարությամբ Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը: 2003-2004 թվականներին էլ Լինսի ֆինանսավորմամբ կառուցվեց Նոյեմբերյան-Բաղանիս մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհը:

Նշված ավտոճանապարհների շահագործման ժամկետը սահմանված է 10 տարի, այն արդեն լրացել է: Այս ընթացքում ճանապարհների ծածկը բավական մաշվել է, փոսեր են առաջացել: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող հիշյալ ճանապարհներին երթեւեկում են նաեւ մեծ բեռնատարներ: «Ֆուռերի» մեծ մասը Վրաստանի տարածքից Հայաստան մտնելով՝ Երեւան է հասնում Լոռու մարզով՝ Ալավերդի-Վանաձոր ուղիով, սակայն բեռնատարների մի մասը գերադասում է մայրաքաղաք հասնել Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով:

Այդ ուղերթը ձգվում է Ադրբեջանի հետ սահմանի եզրով, սակայն ավելի լայն է, վարորդների տեսադաշտն էլ համեմատաբար մեծ է: Սակայն խիստ բեռնված «ֆուռերի» ծանրությունից ճանապարհի ծածկը իջնում է: 2012 թվականին Ոսկեպար-Կիրանց՝ Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող ավտոճանապարհի մի հատվածը` Կիրանցի բարձունքում, շարքից դուրս էր եկել, դարձել դժվար երթեւեկելի: Բարեբախտաբար, վնասված ավտոճանապարհը քիչ թե շատ նորոգեցին:

Նշենք, որ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի ընթացիկ եւ ձմեռային պահպանությունն իրականացնում է Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ճանապարհաշինական ընկերությունը: Ճանապարհների ձմեռային եւ ընթացիկ պահպանության համար պետական բյուջեից տրվող գումարները բավարար են միայն ձմռանը ձյունապատ ճանապարհները մաքրելու, ասֆալտին աղ շաղ տալու, տարվա մնացած սեզոններին տեղ-տեղ փոսերը նորոգելու համար: Իսկ, ահա, ճանապարհների մեծ կամ փոքր հատվածների նորոգման, ասֆալտի ծածկը բարեկարգելու համար ֆինանսավորում չի կատարվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս