Եվրոպան «կրակն է ընկել» իր իսկ արժեքների ձեռքին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես 2015-ի ընթացքում համաշխարհային քաղաքական զարգացումների արագահոս եւ անսպասելի ընթացքը, կարծես թե, առաջիկայում լուրջ վերադասավորումների է հանգեցնելու ինչպես մինչ այս գրեթե մեկ հարյուրամյակ գործող քաղաքական համակարգում, այնպես էլ դրա հիմնական եւ ազդեցիկ խաղացողների արժեքային համակարգերում: Անցած տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրներին պատուհասած ներգաղթյալների ճգնաժամը առաջիկայում լուրջ փորձություն է դառնալու մինչ օրս ամենակենսունակ եւ օրինակելի համարվող քաղաքական միավորի` Եվրամիության ճակատագրի համար:

Սահմանների վերացման եւ առավելագույնս թափանցիկ եւ սերտ ինտեգրացիայի այս, մինչ այժմ եղած ամենահաջողված օրինակը կարող է պարզապես փլուզվել: Երեկ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Շենգենյան գոտին կարող է երկու ամիս անց դադարել գոյություն ունենալ: Նա հստակեցրել է, որ ԵՄ երկրների միջեւ առանց արտոնագրի ռեժիմը կարող է չեղարկվել, եթե իշխանություններին չհաջողվի լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը:

«Մենք առավելագույնը երկու ամիս ունենք` դրությունը վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է Տուսկը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ: Նա նշել է, որ Եվրամիությունը «կկործանվի որպես քաղաքական նախագիծ», եթե չկարողանա ապահովել իր արտաքին սահմանների անվտանգությունը:
Այսպիսով` ստացվում է, որ Եվրամիությունը կարող են կործանել հենց այն արժեքները, որոնք հանդիսանում են այդ միության ձեւավորման եւ գոյության հիմքը: Հավասար իրավունքների եւ ազատությունների համամարդկային արժեքները, փաստորեն, առկա իրավիճակում դառնում են այլեւս վտանգավոր ոչ միայն Ասիայից ներխուժած հետադիմական, ագրեսիվ եւ մոլեռանդ զանգվածի ներխուժման արդյունքում ներմուծվող հսկայական բացասական երեւույթների, այլեւ հենց նույն եվրոպացիների մոտ այդ ամենի արդյունքում վերստին գլուխ բարձրացնող շովինիստական եւ ֆաշիստական գաղափարախոսության վերաակտիվացման տեսքով:

Արդեն իսկ Քյոլնում գերմանուհիների` ասիացի ներգաղթյալների կողմից բռնաբարություններից հետո ռասսիստական տրամադրությունները նկատելի են ոչ միայն Գերմանիայում, այլեւ անգամ այնպիսի երկրում, ինչպիսին Նիդեռլանդներն են: Արդեն իսկ ԵՄ անդամ երկրներից շատերն առանց որեւէ պատճառի անմիջապես երկրից արտաքսում են ներգաղթյալներին եւ փակում դռները ցանկացած երկրից ցանկացած պատճառներով ներգաղթյալների համար: Եվ սա էլ իր հերթին հանգեցնելու է հակառակ կողմից նեգատիվ դրսեւորումների կուտակմանը, ինչը եւս, անխուսափելիորեն ունենալու է իր պոռթկումը` կլինի դա ԵՄ անդամ երկրներում ահաբեկչությունների, թե այլ դրսեւորումների տեսքով:

Փաստորեն, այսօր Եվրոպան «կրակն է ընկել» իր իսկ արժեքների ձեռքին, եւ դժվար է ասել, թե որն է այս իրավիճակում առավել խելամիտ ելքը:




Լրահոս