Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի դատավորների սխալների դիմաց. ընդդեմ Հայաստանի՝ ՄԻԵԴ վճիռների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին ընդդեմ Հայաստանի հերթական վճիռները կայացվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Դրանցից երկուսի մասով ՀՀ Կառավարությունը պետք է վճարի 7200 եվրո, իսկ մյուսով՝ 300 և 630 եվրո որպես փոխհատուցում:

Հարկ ենք համարում նկատել, որ նախորդ տարի ևս ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվել: Դրանցով էլ կառավարության պահուստային ֆոնդից  71,160 եվրո է հատկացվել ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների պահանջները կատարելու նպատակով:

Յուրաքանչյուր վճռից հետո հանրությանը մտահոգում է տրամաբանական հարց՝ ինչո՞ւ և մինչև ե՞րբ պետք է ՀՀ քաղաքացին վճարի հայրենի դատավորների կայացրած սխալ վճիռների դիմաց: Օրենքի բա՞ցն է պատճառը, թե՞ խնդիրն այլ հարթության վրա է…

ArmLur.am-ը փորձեց նշված հարցերի համարժեք պատասխանը ստանալ ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանից:

Մեր զրուցակիցը նկատում է, որ դատավորը պարտավոր է ոչ թե աներկբայորեն կիրառել ազգային օրենսդրությունը, այլ առնվազն գնահատել այն՝ համադրելով վավերացված միջազգային պայմանագրերի, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթների հետ:

Գևորգ Դանիելյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման. «Հետևելով լրատվությանը՝ ինքս էլ եմ համոզվել, որ այս հարցը համարժեք չի լուսաբանվել՝ տեղիք տալով անհարկի շփոթի ու թյուրըմբռնումների: Նախ նկատեմ, որ իրավական կարգավորումների հետ որևէ աղերս չունեն այն պնդումները, թե իբր այդպիսի դեպքերում դատավորը որևէ խախտում թույլ չի տվել, քանի որ գործել է օրենքին խիստ համապատասխան: Հընթացս եզրակացություն է արվում, որ հենց այդ պատճառաբանությամբ նա չի կարող պատասխանատվություն կրել ՄԻԵԴ-ի այն վճիռների համար, որոնցով փաստվում է Կոնվենցիայի դրույթի խախտման հիմքով փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը:

Տվյալ դեպքում դատական սխալն ակնառու է, ուրիշ հարց, որ յուրաքանչյուր դատական սխալի համար դատավորին իրավաչափ չէ պատասխանատվության ենթարկելը: Իսկ դատական սխալի էությունն այն է, որ ինչպես Սահմանադրության փոփոխություններով, այնպես էլ մինչ այդ գործող սահմանադրական նորմերով (6-րդ հոդված) վավերացված միջազգային պայմանագրերը գերակայում են օրենքներին և վերջիններիս հետ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Այլ կերպ ասած՝ դատավորը պարտավոր է ոչ թե աներկբայորեն կիրառել ազգային օրենսդրությունը, այլ առնվազն գնահատել այն՝ համադրելով վավերացված միջազգային պայմանագրերի, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթների հետ:

Այսպիսով, հիշյալ դեպքերում ազգային օրենքների անկատարության վրա հղում անելն առնվազն իրավաչափ չէ: Ի դեպ, դատական պրակտիկայում արդեն արձանագրվում են դեպքեր, երբ վճռաբեկ դատարանը, հիմնավորված ղեկավարվում է անմիջապես նշված Կոնվենցիայի դրույթներով, և ոչ թե վերջինիս հակասող օրենսդրական ակտերով: Ցավոք, միջազգային հանրաճանաչ աղբյուրներով ղեկավարվելու պատշաճ մշակույթ դեռևս չի ձևավորվել, այլապես կունենայինք այլ, առավել դրական արդյունքներ: Այն, որ դատական ակտերում  սկիզբ է առել միջազգային պայմանագրերի դրույթների վրա հղումների դիմելու առավել տարածված պրատիկա, ողջունելի է, սակայն բնավ խնդրի համարժեք լուծում չէ:

Նախ, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, սակավաթիվ չեն հենց այդպիսի հղումներ բովանդակող դատական ակտերի բեկանման դեպքերը, ինչը վկայում է այն մասին, որ հղումները կամ ձևական են, կամ համարժեք չի ընկալվում դրանց էությունը և առնչությունը կոնկրետ գործի իրավական և փաստական հանգամանքների հետ:

Առավել արժեքավոր է այն, երբ դատավորը դրսևորում է պատշաճ ինքնուրույնություն և արհեստավարժություն և պարզապես ղեկավարվում է վավերացված միջազգային պայմանագրերով, ինչը ոչ միայն կնվազեցնի պետության պարտությունները ՄԻԵԴ-ում և կխթանի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, այլև կնպաստի ազգային օրենսդրության անհամեմատ արագ ու լայնածավալ բարելավմանը:

Այն, որ դատական պրակտիկայում, հիմնականում որպես կիրառման ենթակա իրավական ակտեր են ընկալվում օրենքները և հաճախ պատշաճ չի էլ քննարկվում անգամ դրանց սահմանադրականությունը, վկայում է այն, որ դատավորները խիստ հազվադեպ են դիմում Սահմանադրական դատարան: Չեն դիմում անգամ այն գործերով, որոնցով առկա են լինում փաստաբանների հիմնավորված միջնորդությունները, ինչի արդյունքում հետագայում նույն փաստաբանների դիմումների քննարկման արդյունքում կիրառված մեծաքանակ օրենսդրական նորմեր հակասահմանադրական են ճանաչվում, հիմք հանդիսանալով դատական ակտերի բեկանման համար:

Ինչ վերաբերում է դատավորների պատասխանատվությանը, ապա այո՛ դատական սխալները չեն կարող աներկբայորեն հիմք հանդիսանալ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Ցավոք, օրենսդրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված այս ակնհայտ արդարացի ու հիմնավորված դիրքորոշումը հանրության մոտ համարժեք դեռևս չի ընկալվում. առավելապես տարածված է այն թյուր տեսակետը, թե իբր ՄԻԵԴ-ի վճիռները անվերապահորեն պետք է հիմք հանդիսանան դատավորներին առնվազն նյութական պատասխանատվության ենթարկելու և պետական բյուջեից դիմումատուներին հատկացված գումարները ետ գանձելու համար:

Վերջին հաշվով, չի կարելի անտեսել հետևյալ մի քանի ակնառու փաստարկները՝

ա) միշտ չէ, որ այդչափ պարզունակ ու ակնառու է լինում օրենքի նորմի ու Կոնվենցիայի հակասության հարցադրումը

բ) նշված հիմքով պատասխանատվությունը ուղիղ հարված է դատական իշխանության առանց այդ էլ փխրուն անկախությանը

գ) անհրաժեշտ է պատասխանատվության իրավաչափության մասին դատողություններ անելուց առաջ ոչ միայն միջոցներ ձեռնարկել դատավորների արհեստավարժությունը կտրուկ բարելավելու նկատառումով, այլև կառուցակարգային այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք հնարավորություն կտան վերջիններիս ապահովելու անհրաժեշտ խորհրդատվությամբ

դ) առաջնահերթ պետք է համարվեն այն օրենսդրական բարեփոխումները, որոնք կլուծեն ազգային օրենսդրությունը Կոնվենցիային հնարավորինս պատշաճ համապատասխանեցնելու խնդիրը, ընդ որում, դրա համար պետք է հիմք լինեն ոչ միայն Հայաստանի դեմ կայացված վճիռները, այլև այն վճիռները, որոնք կայացվել են այլ պետությունների դեմ, սակայն դա թելադրված է եղել այնպիսի օրենսդրական լուծումներով, որոնց անալոգը գրեթե նույնությամբ գործում է մեր երկրում (այսինքն՝ չարժե սպասել, որ նույն այդ նորմը նաև մեր իրավակիրառ պրակտիկայի համար խնդիրներ հարուցի) և այլն:

Իհարկե, ասվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ դատավորը թույլ է տալիս նյութական կամ դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Ավելին, վերը նշված դեպքերում դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետը  հաշվարկվում է ՄԻԵԴ-ի վճիռը կայացնելու պահից, ոչ թե ընդհանուր կանոնի համաձայն՝ ազգային դատական ատյանի կողմից դատական ակտը կայացնելու պահից:

Միժամանակ, հարկ է հավելել, որ այս դրույթի իրավաչափությունը, իմ կարծիքով՝ միանգամայն հիմնավորված, ևս վիճարկվում է միջազգային փորձագետների կողմից: Ի դեպ, ՄԻԵԴ-ի վճիռներից միանշանակ չի բխում, որ խախտման միակ պատասխանատուն դատավորն է»:




Լրահոս