Սերգեյ Սմբատյանն արժանացել է վաստակավոր արտիստի կոչման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համանագրով վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Այս մասին հայտարարվեց հունվարի 25-­ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` նվագախմբի 10­ ամյակին նվիրված հոբելյանկան միջոցառման ժամանակ: «Շատ շնորհակալ եմ ինձ այս բարձր կոչմանն արժանացնելու համար: Այն, ինչ նվագախումբն այսօր ունի, համատեղ ուժերով ենք ձեռք բերել: Ունենք շատ լավ պատմություն, լավ ձեռքբերումներ: Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր մտքերին, գաղափարներին և մեզ առաջ տանող գաղափարին է հավատում. դա ամենակարևորն է: Երաժշտությամբ մենք կարողացանք ստեղծել այն մթնոլորտը, որը մեզ համար թանկ է:

Անսահման սերը երաժշտության հանդեպ և գաղափարը, երազանքը, որին մենք հավատում էինք, իրականացավ»,­«Արմենպրես» ­ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը: ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարի խոսքով` ինքը շնորհակալ է նվագախմբի բոլոր երաժիշտներին: «Շնորհակալ եմ, որ ինձ «դիմանում եք» արդեն 10 տարի : Դժվար աշխատանք էր, բոլորիդ շատ սիրում եմ, մենք մի ընտանիք ենք, մի թիմ, և այն գաղափարը, որ մեզ միավորեց, էլ ավելի է ուժեղացել տարիների ընթացքում: Մենք շարունակելու ենք երազել: Մենք երազում ենք: Չէ՞ որ մենք պայքարող, հաղթող, անկախ Հայաստանի ծնունդն ենք: Դա մեզ համար ամենակարևորն է»,­շեշտեց Սերգեյ Սմբատյանը:

Սերգեյ Սմբատյանը ծնվել է 1987-­ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Չորս տարեկանում սկսել է ջութակ նվագել իր տատի՝ Տ. Հայրապետյանի մոտ: Հետագա կրթությունը շարունակել է պրոֆեսորներ Բագրատ Վարդանյանի և Զախար Բրոնի ղեկավարությամբ: Ս. Սմբատյանի կարիերան որպես ջութակահար սկսվել է 13 տարեկանում: Այնուհետև Ս.Սմբատյանի մոտ հետաքրքրություն է առաջացել հանդեպ նվագախումբը, և նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` ուսանելու սիմֆոնիկ դիրիժորություն պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարանում: Նաև զուգահեռաբար սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 2005-ին 18 ­ամյա Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:




Լրահոս