ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում վերջապես հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե անցած սեպտեմբերի սկզբից ի վեր Ռուսաստանը կողմերին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակ, որը ենթադրում է ազատագրված մի քանի շրջանների վերադարձ ադրբեջանական կողմին: Լավրովը երեկ ասել է.«Լավրովի կամ որեւէ այլ անձի անունը կրող փաստաթուղթ գոյություն չունի: Գոյություն ունեն ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնք համանախագահները նախապատրաստել էին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր փուլերում… Նման լուծումներ այժմ մենք որոնում ենք գաղափարների, բարձրաձայնված մտքերի մակարդակում: Որեւէ այլ փաստաթուղթ` ԵԱՀԿ-ում պահ տրվածներից բացի, գոյություն չունի: Մնացած ամենը պարզապես փնտրտուք է»:
Թե որն է պատճառը, որ ռուսական կողմը հենց հիմա որոշեց հստակեցնել, որ Մոսկվան որեւէ առանձին նախաձեռնություն հանդես չի բերել, թերեւս կարելի է կռահել: Ըստ ամենայնի, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել ռուս-թուրքական հարաբերություններում նոյեմբերի վերջից սկսած լարվածությունը, որի արդյունքում շեշտակիորեն մեծացավ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը:
Դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանն այս հակամարտության ընթացքում նախապատվությունը տալիս է «մեծ եղբորը», ուստի Ռուսաստանը ստիպված եղավ վերանայել տարածաշրջանում իր առաջնահերթությունները: Հակառակ դեպքում ոչինչ չէր խանգարում Սերգեյ Լավրովին երեկվա հայտարարությունն ավելի վաղ անելու, հատկապես որ Ադրբեջանի ատգործնախարար Էլմար Մամեդյարովը տարբեր հարթակներց, այդ թվում ե՛ւ ԵԽԽՎ, ե՛ւ ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում, հայտարարում էր, որ Ս. Լավրովը Բաքվում եւ Երեւանում ներկայացրել է կարգավորման նոր առաջարկություն: Ավելին` այդ մասին արտահոսքեր եղան նաեւ ռուսական մամուլում, մասնավորապես «Կոմերսանտ»-ում: Սակայն չնայած լրագրողների բազմաթիվ հարցադրումներին, մինչ օրս ռուսական ԱԳՆ-ն քար լռություն էր պահանում այս հարցի շուրջ:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Ռուսաստանի ԱԳՆ-ի այս լռությունը բացատրում էր նրանով, որ Ադրբեջանն ամեն օր մի անհեթեթութուն է ասում, եւ միջնորդները պարզապես չեն կարող դրանք բոլորը հերքել: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ «Ռ Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում, պատասխանելով Լավրովի առաջարկի մասին հարցին, ոչ թե առհասարակ հերքեց այդ առաջարկի գոյությունն ու դրա շուրջ եղած բանակցությունները, այլ ընդամենը բավարարվեց զգուշավոր` «մենք որեւէ նման պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել» պատասխանով: Ամեն դեպքում, Լավրովի՝ երեվա հայտարարությունից հետո «նոր առաջարկի» մասին խոսակցությունը կարելի է փակված համարել: Առայժմ: